ՍԴ-ն Հայրիկյանի համար կաշխատի. այսօր դիմում չեն ստացել
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը նախագահական ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու մասին դիմում չի ներկայացրել Սահմանադրական դատարան: Այս մասին րոպեներ առաջ Henaran.am-ին փոխանցեց ՍԴ մամլո խոսնակ Հովհաննես Պապիկյանը:
Նա նշեց, որ Սահմանադրական դատարանի աշխատանքային օրն ավարտվում է ժամը 18:00-ին, եթե մինչ այդ համապատասխան դիմում ներկայացվի, այն կընդունվի:
Նշենք, որ ՍԴ մասին 75-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի կամ վերացած ճանաչելու վերաբերյալ ՍԴ կարելի է դիմել ոչ ուշ, քան ընտրության օրվանից ութ օր առաջ։
Գործերի դատաքննությունը, համաձայն օրենքի, իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանը գործն ընդունում է քննության, գործը քննում եւ գործով որոշում է ընդունում դիմումն ստանալուց հետո` չորսօրյա ժամկետում։ Սահմանադրական դատարանը կարող է անհաղթահարելի ճանաչել այն խոչընդոտները, որոնք արդեն իսկ առաջացել են եւ տվյալ թեկնածուից անկախ պատճառներով անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունն ընտրական գործընթացներին:
Փաստորեն, ՍԴ դիմելու վերջնաժամկետը լրանում հունվարի 10-ին` կիրակի օրը: ՍԴ-ից Henaran.am-ին փոխանցեցին, որ ելնելով ստեղծված իրավիճակից , շաբաթ եւ կիրակի օրերին Սահմանադրական դատարանի դիմուների ընդունման բաժինը հերթապահությամբ կաշխատի:
Նշենք, որ մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ պատրաստվում է այսօր դիմել Սահմանադրական դատարան: