26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սրբոց Վարդանանց նվիրված հանդիսություն է կայացել Մայր Աթոռում

Փետրվարի 7-ին, Սրբոց Վարդանանց զորավարաց տոնին, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հանդիսություն: Վարդանանց հերոսամարտին նվիրված ցերեկույթը կազմակերպել էին Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Երեւանի պետական համալսարանի ուսանողները: Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գեւորգյան ճեմարանի դասախոսներ եւ Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողներ:

Հանդիսությունը բացվեց Մայր Աթոռի հոգեւոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի խոսքով, ով մասնավորապես ընդգծեց տոնի պատմական կարեւորությունն ինչպես ներկայի, այնպես եւ ապագայի սերունդների հայեցի դաստիարակության եւ ոգու կերտման համար: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ ԵՊՀ պրոռեկտոր տեխնիկական գիտությունների թեկնածու Ռուբեն Մարկոսյանը`ԵՊՀ դասախոսական կազմի եւ ուսանողության անունից շնորհավորելով Վեհափառ Հայրապետին անվանակոչության օրվա առիթով:

Միջոցառման մասնակիցներին Վարդանանց սխրագործության մասին բանախոսություն ներկայացրեց ճեմարանի դասախոս պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիս Հարությունյանը: Հանդիսության ընթացքում հոգեւոր ու հայրենասիրական երգերով հանդես եկան Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Երեւանի Պետական համալսարանի երգչախմբերը, ներկայացվեցին նաեւ Ավարայրի հերոսներին նվիրված բանաստեղծություններ:

Գեղեցիկ  ավանդույթ դարձած այս միջոցառման ավարտին ներկաներին իր պատգամն ու օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը տոնը հայորդիների ուխտի նորոգության օր նկատեց` ներշնչվելու եւ ապրելու Վարդանանց սխրանքով, նրանց օրինակով առաջնորդվելու եւ իրականացնելու իրենց առաքելությունը: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ  Վարդանանց արյունով սրբագործվեց հայրենի հողը, կերտվեց հայ ժողովրդի հարատեւության խորհուրդը` ապրելու եւ գործելու հանուն Հայրենիքի եւ հավատքի: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց երիտասարդներին կյանքում ընթանալ Վարդանանց ոգով, որն իր մեջ կրում է հայրենասիրության ու աստվածսիրության խորհուրդը, եւ տոնի խորհուրդը նկատելով որպես իրենց ուղղված Վարդանանց պատգամ` այն կենսագործել ամենօրյա կյանքում:

Խոսքի ավարտին Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Համալսարանի ղեկավարությանն ու Ճեմարանի տեսչությանը ոգեշնչող միջոցառման կազմակերպման համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ