18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ո՛չ ապօրինի ավտոկայանատեղերին»

Հունվարի 30-ից Վանաձորի տարբեր հատվածներում տեղեկատվական թերթիկներ բաժանող «Ո՛չ ապօրինի ավտոկայանատեղերին» նախաձեռնության անդամները փետրվարի 1-ին հավաքվել էին Վանաձորի քաղաքապետարանի դիմաց՝ արտահայտելու իրենց դժգոհությունը՝ կապված  քաղաքի ավտոկայանատեղերում գանձվող գումարների հետ:

Վանաձորի ավագանու անդամներին ուղղված դիմումում երիտասարդները պահանջում են հրավիրել ավագանու արտահերթ նիստ եւ չեղարկել ավագանու 2015թ.-ի դեկտեմբերի 23-ի այն որոշումը, համաձայն որի՝ 2016թ.-ի տեղական տուրքերի եւ վճարների դրույքաչափերը սահմանելու մասին  որոշման նախագծի հավելված 1-ից հանվել է 13-րդ կետով նախատեսված՝ ավտոկայանատեղերի դրույքաչափերը սահմանելու մասին կետը:

Ըստ «Ո՛չ ապօրինի ավտոկայանատեղերին» նախաձեռնության անդամների՝  խախտվել են.

  1. «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքերի մասին օրենքի» հոդված 2-ով սահմանված դրույթը, այն է՝ավտոկայանատեղի համար գանձվող տուրքը ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու համար սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից հաստատված չափով եւ սույն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է,

2. «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի» հոդված 22-ի 4-րդ կետով սահմանված դրույթը, այն է ՝ ավագանու անդամը պարտավոր է չմասնակցել ավագանու այն որոշումների քվեարկությանը, որն առնչվում  է իր, իր ընտանիքի անդամների եւ մերձավոր բարեկամների շահերին:

Ստացվում է, որ համայնքի բյուջե պարտադիր գանձույթ չի իրականացվելու ավագանու այն որոշմամբ, որի քվեարկությանը մասնակցել է ավագանու անդամ Գեւորգ Շահինյանը, ով հանդիսանում է Մ.Խորենացի փողոցի թիվ 11/2 135քմ մակերեսով տարածքի (ավտոկայանատեղ) վարձակալ: Հետեւաբար, Վանաձորում ավտոկայանատեղերի առկայության պայմաններում համայնքի ավագանին պարտավոր էր տուրք սահմանել եւ ավագանու անդամ Գ. Շահինյանն իրավունք չուներ մասնակցել եւ քվեարկել այս որոշմանը:

Քաղաքապետ Սամվել Դարբինյանին ուղղված դիմումում առաջարկվում է խզել վարձակալության պայմանագրերը, դադարեցնել վարձակալված տարածքներում գործուեությունն ու գումարների գանձումը, դիմել իրավապահ մարմիններին՝ հարցն ուսումնասիրելու համար: Նպատակը մեկն է՝ որ գոնե այս տարի վանաձորցի վարորդները չվճարեն ավտոմեքենաները կայանելու համար:

Թե ինչ արձագանք կստանա նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Անդրանիկ Սերգոյանի կողմից ստորագրված դիմումը, ցույց կտա ժամանակը:

Հիշեցնենք, որ 2015թ.-ի դեկտեմբերի 23-ի Վանաձորի ավագանու որոշմամբ՝ տեղական տուրքերի ցանկից հանվել էր ավտոկայանատեղում կայանելու համար նախատեսված տուրքատեսակը:

Տաթեւիկ Սարգսյան, Վանաձոր

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ