11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դատարանը արգելանք դրեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի ձեռքբերման համար գումար տված, սակայն հետագայում խաբված գնորդներից մեկի` Լուսինե Գյուլխասյանի գործով դատական քննությունը:

Այս գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր գործում ներգրավված նոր մեղադրող դատախազին գործի նյութերին ծանոթանալու ժամանակ տրամադրելու համար: Դատախազ Արման Հակոբյանին դատարանում արդեն իսկ փոխարինում է Երևան քաղաքի դատախազի տեղակալ, դատախազ Լևոն Չարխիֆալակյանը: Ամբաստանյալ Էդուարդ Եսայանին պաշտպանելու համար այսօր դատարան ներկայացավ Հանրային պաշտպանի գրասենյակից պաշտպան Կարինե Խաչատրյանը: Վերջինս ևս ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար: Դատավոր  Արշակ Վարդանյանը բավարարեց միջնորդությունը և նիստը հետաձգեց մինչև փետրվարի 15-ը:

Նիստի ժամանակ դատավորը հրապարակեց դեռևս 2012 թվականի դեկտեմբերի 20-ին տուժող Լուսինե Գյուլխասյանի կողմից դատարան մուտք արված հայցադիմումը, որը նաև տուժողի միջնորդությունն էր պարունակում: Դրանով տուժողը պահանջել է արգելանք դնել ամբաստանյալ Էդուարդ Եսայանի շարժական և անշարժ գույքի վրա: Թեև ամբաստանյալը հայտարարեց, որ չունի որևէ շարժական կամ անշարժ գույք, դատարանը բավարարեց Լուսինե Գյուլխասյանի միջնորդությունը:

Դատարանն այսօր նաև ավարտեց դատավարության նախապատրաստական փուլը:

    Հիշեցնենք, որ խոսքը` ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած “Արին կապիտալ” ներդրումային ընկերության Մաշտոցի 33/1 շենքում բնակարան ստանալու համար վճարում կատարած, սակայն բնակարանը չստացած, խաբված գնորդի մասին է: Իսկ կնքված գործարքը, որով հաջողվել է խաբել գումարներ տված քաղաքացուն, ըստ մեղադրանքի կնքել է գործարարի ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը:

Եսայանի կողմից կնքված բազմաթիվ ապօրինի գործարքներից այս մեկով հարուցված  քրեական գործով առաջադրված մեղադրանքում, առայժմ պարզ չէ թե ինչ փաստերի հիման վրա, սակայն շոշափվում է ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի անունը: Մասնավորապես` Եսայանի կնքած գործարքը ներկայացվում է, որպես ի օգուտ Էդմոնդ Խուդյանի կատարված գործողություն:

Գործարարի փաստաբանները դեռ նախորդ տարեվերջին բարձրաձայնեցին այս մեղադրանքի հետ կապված իրենց մտավախությունները, սակայն գործով նախկին դատախազ Արման Հակոբյանը հրաժարվեց առայժմ որևէ կերպ հիմնավորել մեղադրանքում Էդմոնդ Խուդյանի անվան առկայությունը:

Հիշեցնենք, որ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի անունից տնօրեն Էդուարդ Եսայանը 2007թ. դեկտեմբերի 7-ին նախնական պայմանագիր էր կնքել Խուդյանի գործընկեր, շինարար Վլադիսլավ Մանգասարյանի եղբոր` Ռուբեն Մանգասարյանի հետ, որն էլ անմիջապես  իրավունքի վաճառքի պայմանագրով բնակարանի նկատմամբ իր իրավունքը օտարել էր իրական գնորդ Լուսինե Գյուլխասյանին: Սակայն Վլադիսլավ Մանգասարյանի պահանջով ընկերության տնօրենը 2010թ. սեպտեմբերի 16-ին հիմնական պայմանագրով բնակարանը ոչ թե իրական սեփականատիրոջն է հանձնել, այլ`կեղծ գնորդ  Ռուբեն Մանգասարյանին:

Այս գործով նախորդ դատական նիստերից մեկում մեզ հաջողվել էր մեղադրանքի վերաբերյալ  փոքր մեկնաբանություն վերցնել գործով միակ մեղադրյալ, Էդմոնդ Խուդյանի ընկերության նախկին տնօրեն Էդուարդ Եսայանից, ում ստորագրություններով այս խաբված գնորդի ճակատագրին են արժանացել նաև մի շարք այլ գնորդներ: Վերջինս նշել էր հետևյալը.

“Ռուբենը պետք է տար բնակարանը ու չի տվել: Հիմա էլ ես եմ թշնամի դուրս գալիս այս մարդկանց առաջ, իսկ ես ով եմ եղել, ընդամենը տնօրեն, ով ստորագրել է այն ինչ տրվել է:  Ես ամբողջ քննության ընթացքում էլ ասել եմ, ինչու եմ ես մեղադրյալի աթոռին, իրականում այստեղ այլ անձինք պետք է լինեն և ես դատարանում էլ ասելու եմ այդ մասին”:

Դատական նիստին այսօր ներկայացել էր գործով վկաներից միայն մեկը` Լուսինե Գյուլխասյանի հայրը` Գևորգ Գյուլխասյանը, իսկ Վլադ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանը դատարանին տեղյակ էր պահել, որ հիվանդանոցում է գտնվում և վիրահատության պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին:

Նշենք, որ սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդանը գտնում է, որ խարդախության փաստով հարուցված քրեական գործը իրեն զրպարտող կեղծ մեղադրական եզրակացությամբ է դատարան ուղարկվել, իսկ ուղղորդված մեղադրականով կրկին պաշտպանության տակ է առնվել Վլադիսլավ Մանգասարյանը: Մեղադրանքից էլ չգիտես ինչպես բացակայում է Վլադի եղբայր Ռուբեն Մանգասարյանի անունը, ում անունով գրանցվել է խաբված քաղաքացու բնակարանը:

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ