«Ամեն ինչում մեղավոր եմ». Պերմյակովն ընդունեց մեղքը
Արդեն տեղեկացրել էինք, որ Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում մեկնարկել է Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով արտագնա դատական հերթական նիստը` դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ:
Դատավոր Մովսիսյանը դատավարության ընթացքում ռուսական ռազմաբազայի զինծառայող, գործով միակ մեղադրյալ Վալերի Պերմյակովին հարց ուղղեց` իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, ինչին ի պատասխան` վերջինս հայատարարեց` այո: Դատավորը նաև մեկ այլ` ճշգրտող հարցադրում կատարեց` հարցնելով` կոնկրետ ինչո՞ւմ է մեղավոր ճանաչում: Պերմյակովն արձագանքեց` ամեն ինչում:
Գործով ընդգրկված մեղադրող դատախազը մեղադրական եզրակացությունն ընթերցելուց հետո դատարանին միջնորդեց հարցաքննել տուժողների իրավահաջորդներին, վկաներին, հրապարակել գործում եղած փաստաթղթերը, իսկ վերջում` հարցաքննել նաև Վալերի Պերմյակովին:
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց դահլիճից հեռացնել մյուս բոլոր վկաներին և հարցաքննությունների ժամանակ ուղիղ հեռարձակումն իրականացնել առանց ձայնի: Դատավոր Հարություն Մովսիսյանը բավարարեց փաստաբանի միջնորդությունները: Հարցաքննություններն այս պահից սկսած հեռարձակվում են միայն տեսապատկերով:
Նշենք, որ նախորդ դատավարության ժամանակ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով դատական գործընթացի վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը դատանից պահանջելով, որ դատական նիստերը տեղի ունենան Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատատովոր Հարություն Մովիսիսյանը սակայն չէր ընդունել միջնորդությունը:
Վերջինս նաև չէր ընդունել Սաքունցի` դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների գործով դատական առաջին նիստը տեղի էր ունեցել 2015 թ-ի դեկտեմբերի 18-ին Գյումրիի թիվ 102-րդ ռուսական ռազմաբազայում: