Ահաբեկչական քայլ. ՍԴ նախագահի գնահատականը
Քիչ առաջ ”Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշական կենտրոն` ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին այցելեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Լրագրողների հետ ճեպազրույցում Գագիկ Հարությունյանն այս քայլը գնահատեց ահաբեկչական ակտ` հավելելով, որ դա զուտ պարզ մարդասպանության փորձ չի: ”Մեր պետականության համար սա ոչ միայն ցավալի փաստ է, այլև վտանգ ներկայացնող, եթե մենք շատ արագ չբացահայտենք ու համարժեք գնահատական չտանք, այն մեր երկրի զարգացման վեկտորի վրա իր ազդեցությունը կունենա”,-ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով` այս վիճակը պետք է արժանվույնս գնահատվի և իրավական լուծումներ տրվի հետագա գործընթացների համար: Գագիկ Հարությունյանը նշեց, որ բարեբախտաբար մեր Սահմանադրությունն ու օրենքները նախատեսել են բոլոր հնարավոր լուծումները:
”Սահմանադրությամբ նախատեսված է, որ նման իրավիճակներում թեկնածուի դիմումի հիման վրա ՍԴ-ն հարցը քննում է դիմում ստանալուց քսանչորս ժամվա ընթացքում: ՍԴ-ը պետք է որոշի գործի քննությունը: Ինչպիսին կլինի դիմումը և ինչպես կքննվի, դժվար է ասել”,-հավելեց ՍԴ նախագահը: