Ոչինչ պատահական չէ … Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ուղիները հատվեցին /վիդեո, ֆոտո/
Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի ճանապարհները կրկին խաչվեցին` այս անգամ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում:
Այն պահին, երբ Չարենցավանի մշակույթի տանը ընթանում էր Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումը, քաղաք հասավ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչախումբը:
Թեկնածուն, ինչպես միշտ, ճանապարհին ողջունում էր բոլորին եւ բարի ընտրություն մաղթում` պետավտոտեսուչներին, որոնք հսկում էին ճանապարհը, քանի որ նախագահն էր այստեղ, չարենցավանցիներին, անգամ Չարենցավանի Մշակույթի տան առջեւ հավաքված երիտհանրապետականներին, որոնք կրում էին “Ապահով Հայաստան” գրառումով շարֆեր: ”Բարի ընտրություն ձեզ, ձեր ապագայի համար, ազատ իրավական ընտրություն առաջին անգամ միասին ապահովենք”,- նրանց ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ողջունեց անգամ նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցներին: Րաֆֆի Հովհաննիսյանն ասում էր, որ “սա Սերժի եւ Րաֆֆիի ընտրությունը չէ: Սա Հայաստանի ընտրությունն է”:
Րաֆֆի Հովհաննիսյանին լրագրողները խնդրեցին մեկնաբանել այդ համընկնումը: Նա ասաց, որ ոչինչ պատահական չէ, սակայն իրենք իրենց քարոզարշավի գրաֆիկը չեն կազմում` այս կամ այն թեկնածուի այցելությունները հաշվի առնելով:
Հարցին` ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը չմոտեցավ եւ չողջունեց գործող նախագահին, նա հարցրեց ` նա այդ պահին այնտե՞ղ էր:
“Ժառանգության” առաջնորդը նշեց, որ եթե Սերժ Սարգսյանն այդ պահին իր երիտասարդ կուսակիցների կողքին լիներ, ինքը կմոտենար եւ կողջուներ նրան եւ որպես գործող նախագահի կներայացներ իր պահանջները` կարգի հրավիրել իր ենթականերին.”Կամ օրենքով պիտի գնանք դեպի ընտրության կամ էլ պայքարը կշարունակվի բոլոր եղանակներով:
Րաֆֆի Հովհաննիսյանը ողջույնարշավից հետո Չարենցավանի Կինոյի տան առջեւ հավաքված ընտրողների հետ կարճ զրույց ունեցավ, շեշտեց, որ սա կուսակցակառիվ չէ, սա իրավունքի Հայաստանի համար պայքար է: “Ով այստեղ է, նշանակում է` չի վախեցել լուսանկարվելուց, չի վախեցել վերեւից իջեցված հրամանից”,-հավաքվածներին դիմեց նա եւ կոչ արեց. “Փետրվարի 18-ին ոչ մեկը թող տանը չնստի”:
Նա ներկաներին խոստացավ 50 տոկոս կենսաթոշակի բարձրացում, եւ նշեց, որ իր խոսքերը հեքիաթներ չեն, ինչպես ասում է իշխանությունը: Քաղաքացիները թեկնածուին հարցեր ուղղեցին: Օրինակ` նրանցից մեկին հետաքրքում էր, թե երբեւէ Հայաստանում հնարավոր է, որ բուժսպասարկումը լինի անվճար: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. “Անապահով խավի համար այն պետք է լինի անվճար”,-նշեց նա եւ հավելեոց, որ բժիշկներն էլ պետք է արժանաապատիվ աշխատավարձ ստանան:
Չարենցավանի Կինոյի տան մոտից նա շարունակեց ոտքով զբոսնել քաղաքով` կրկին ողջունելով ճանապարհին հանդիպածներին:
Ի դեպ, պատասխանելով ընտրողների հարցերին նույն օրը մոտավորապես նույն ժամին Չարենցավանում գտնով ՀՀ նախագաի ՀՀԿ-ական թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձավ նաեւ այլ թեկնածուներին: Սարգսյանի խոսքով, յուրաքնաչյուրը ներկայացրել է իր ծրագիրը, իրականացնում են քարոզարշավ: “Նրանք իրենց որոշակի ձայները կստանան, ես` իմ ձայները: Բայց կարծում եմ բոլորս պիտի նպաստենք օրինական ընտրությունների անցկացմանը”,-ասաց նախագահի թեկնածուն:
Դիտեք տեսանյութը: