Իսկական ամանորյա հրաշք՝ ծաղկավանցիների համար /ֆոտո/
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 31-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ծաղկահովիտ համայնքում, որտեղ այսօր շահագործման է հանձնվել ամբողջովին հիմնանորոգված բազմաբնակարան շենք, որը գրեթե ավերվել էր 1988 թվականի երկարաշարժի հետևանքով: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:
Հիմնանորոգված շենքում այսօր բնակարանամուտ է տոնել 40 ընտանիք: Վարչապետ Աբրահամյանը շրջել է բնակարաններով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է շենքի բոլոր բնակիչներին բնակարանամուտի, ինչպես նաև Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, մաղթել ընտանեկան ջերմություն, երջանկություն և առողջություն: Բնակիչները շնորհակալություն են հայտնել երկրի իշխանություններին՝ ծրագիրն ավարտին հասցնելու և իրենց բնակարանային խնդրին լուծում տալու համար, ինչի արդյունքում Ամանորը կկարողանան տոնել արդեն սեփական բնակարաններում: Ծաղկահովիտցի բազմազավակ մի քանի ընտանիք ևս բնակարանի խնդրով դիմել են վարչապետին: Կառավարության ղեկավարը տեղում հանձնարարել է պատկան մարմիններին հիմնանորոգված շենքում ազատ մնացած բնակարանները հատկացնել նրանց՝ առաջիկայում լուծելով նաև սեփականաշնորհման հետ կապված բոլոր հարցերը: