Մահացել է Motorhead ռոք-խմբի հիմնադիր Իեն Ֆրեյզեր Կիլմիստերը
70 տարեկան հասակում մահացել է Motorhead ռոք-խմբի հիմնադիր Իեն Ֆրեյզեր Կիլմիստերը, որն ավելի հայտնի էր որպես Լեմմի: Այդ մասին տեղեկատվություն է տեղադրվել այսօր՝ խմբի Facebook-յան պաշտոնական էջում:
«Մեր ընկեր Լեմմին այսօր մահացել է չափազանց ագրեսիվ քաղցկեղի դեմ կարճատեւ պայքարից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ:
Երաժիշտներն առաջարկել են ի հիշատակ մահացածի «բարձրաձայն կատարել» Motorhead-ի երաժշտությունը, խմել եւ կիսվել իրենց պատմություններով:
Motorhead խումբը հիմնվել է 1975 թվականին բաս-կիթառահար եւ վոկալիստ Իեն Ֆրեյզեր Կիլմիստերի կողմից: Խումբը զգալի ազդեցություն է գործել ծանր ռոքի զարգացման վրա: Motorhead-ի երգերի ոճը դասում են հարդ-ռոքին կամ հեւի -մեթալին եւ նույնիսկ՝ ծանր ռոք-ն-ռոլին:
Motorhead-ի շարքերում ընդհանուր առմամբ եղել է 11 մարդ, խումբը թողարկել է 22 ալբոմ:
Խումբն առավել մեծ ժողովրդականության է հասել 1980-ական թվականների սկզբին. 1980 թվականին թողարկված Ace of Spades ալբոմը դարձել է ոսկյա՝ չորրորդ տեղն զբաղեցնելով բրիտանական հիթ-շքերթում, իսկ No Sleep ’til Hammersmith-ը չարտերում առաջինն է դարձել թողարկվելուց հինգ օր հետո: