11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Յուրաքանչյուր տավուշեցի մի բերդ է` կանգնած սահմանին /ֆոտո, վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հունվարի 29-ին քարոզարշավը շարունակեց Տավուշի մարզում: Առաջինը նա եղավ Մովսես գյուղում, զրուցեց համայնքի բնակիչների հետ, այնուհետեւ` մոմ վառեց Սբ. Աստվածածին եկեղեցում:

Բերդում նախագահի թեկնածուն հանդիպեց կուսակցական ակտիվի հետ: Նրա խոսքով` սկսած Մովսես գյուղից վերջացրած ցանկացած համայնքով ամեն մեկը մի բերդ է, որ անառիկ են պահում սահմանը: Ըստ նախագահի թեկնածուի` կարեւոր է սահմանների պաշտպանությունը, երկրի անվտանգությունը, սպառազինությունների համալրումը, բայց ամենակարեւորը` մարդն է:

“Մարտը միայն ռազմի դաշտում չէ, մարտը նաեւ խաղաղ պայմաններում է, պետք է ազատվենք թերություններից: Թուլությունը, տգիտությունը, գոռոզությունը եւ նմանատիպ այլ արատները պիտի վերանան”,-ասաց Սերժ Սարգսյանը:

Գործող նախագահի գնահատմամբ` ապահոված գյուղ նշանակում է ենթակառուցվածքների ընդլայնում եւ այս ուղղությամբ մարզում  զգալի աշխատանքներ են իրականացվել: Այդ ենթակառուցվածքները, մասնավորապես ճանապարհները պետք  են ոչ միայն ներկա, այլ ապագա սերունդներին:

Թեկնածուի խոսքով` Հայաստանի ամենահեռավոր գյուղի երեխաներն էլ պիտի ստանան անհրաժեշտ կրթություն, քայլեն ժամանակին զուգընթաց եւ ոչ մի բանով չզիջեն զարգացած պետության երեխաներին: Սերժ Սարգսյանը համոզված է, որ լավ սկիզբը գործի կեսն է, բայց մարդ պետք է հավատա իր ուժերին, մասնակցի նախաձեռնություններին եւ գիտակցի իր պարտականությունը: Միայն այդ դեպքում կունենանք ապահովված Հայաստան: 

 “Սահմանն ամուր և պինդ է առաջին հերթին ձեզնով, մեր բանակով, մեր զինվորով, մեր սպայով, այսինքն՝ մարդկանցով: Իհարկե, կարևոր են նաև պաշտպանական կառույցները, կարևոր է սպառազինությունը, բայց որևէ սպառազինություն, որևէ պաշտպանական կառույց առանց մարդու ոչինչ է:  Մենք շարունակելու ենք ամրապնդել մեր բանակի մարտունակությունը, շարունակելու ենք ամրապնդել մեր սահմանը, որովհետև թիվ մեկ խնդիրը մեր ժողովրդի անվտանգությունն է:

 Մեր սահմանները պահող թիվ մեկ՝ ամենակարևոր գործոնն է մեր ժողովրդի ու, առաջին հերթին, սահմանամերձ շրջանների բնակիչների բարձր՝ իսկապես մարտական ոգին, ապրելու և արարելու ձգտումը»,-Տավուշի մարզի ընտրողների հետ հանդիպմանն այսօր ասել է Սերժ Սարգսյանը:

 Անդրադառնալով գյուղական համայնքների խնդիրներին՝ ՀՀ նախագահի թեկնածուն նշել է, որ հանրապետության տարբեր մարզերում, այդ թվում Տավուշի բազմաթիվ գյուղերում է եղել, խոսել մարդկանց հետ և քաջածանոթ է նրանց ցանկություններին, տրամադրություններին ու խնդիրներին: Սերժ Սարգսյանը մարզի գյուղական համայնքներում հանդիպումների ժամանակ խոսել է հողի մշակման, գյուղատնտեսությամբ զբաղվելու միջոցով բարեկեցության հասնելու կարևորության մասին՝ ընդգծելով, որ այդ ճանապարհին այսօր առկա բոլոր դժվարությունները միասին հնարավոր է հաղթահարել:

ՀՀ նախագահի թեկնածուի խոսքով, հայ ժողովուրդն իր հերոսական պատմության ընթացքում բազում դժվարությունների միջով է անցել և ավելի կոփված ու ամուր դուրս եկել այդ պայքարից: «Մարտը միայն պատերազմի դաշտում չէ: Մարտը նաև խաղաղ կյանքում է, քանի որ մենք ամենակատաղի պայքարը պետք է մղենք սեփական թերությունների դեմ: Սա շատ ավելի ծանր պայքար է, քան մարտի դաշտում կռվելը: Ծուլությունը, տգիտությունը, գոռոզությունը մեր ամենամեծ թշնամիներն են: Եվ այս արատների դեմ մենք պետք է պայքարենք:

 Շատ բան ենք անում, որպեսզի յուրաքանչյուր հայ ընտանիք իր զավակներին հպարտությամբ ուղարկի դպրոց և խրախուսի նրանց լավ սովորել: Ամբողջ աշխարհում բոլորն էլ գիտեն, որ հայ ընտանիքում մշտապես արել են ամեն հնարավորը երեխաներին լավ կրթություն տալու համար”,-տավուշցիներին ասել է ՀՀ նախագահի թեկնածուն:

 Նա ընդգծել է, որ իր համոզմամբ, անգամ ամենահեռավոր գյուղերի երեխաները պետք է քայլեն ժամանակին համընթաց և ո՛չ մի բանով չզիջեն այլ զարգացած երկրների իրենց հասակակիցներին: Այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են իրականացվում, որի օրինակներից մեկն էլ, ըստ Սերժ Սարգսյանի, Դիլիջանում մի քանի օր առաջ բացված ուսումնամեթոդական ու կրթական կենտրոններն են:

ՀՀ նախագահի թեկնածուն հավաստիացրել է, որ երեխաների համար հետևողականորեն մատչելի են դարձվում ամենաժամանակակից գիտելիքն ու դրա փոխանցման միջոցները: Իր ելույթում ՀՀ նախագահի թեկնածուն ապահովված գյուղ և արդյունավետ գյուղատնտեսություն ստեղծելու համար կարևորել է նաև ենթակառուցվածքների կատարելագործումն ու ընդարձակումը, որի ուղղությամբ հատկապես վերջին 10-15 տարիներին քիչ աշխատանք չի իրականացվել և այսուհետ ավելի մեծ տեմպերով շարունակվելու է:

Սահմանամերձ բնակավայրերի խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Տավուշի մի շարք այլ համայնքներում՝ Մոսեսգեղում, Վերին Կարմիր աղբյուրում, Նոյեմբերյանում, Կողբում, որտեղ այցելել է ՀՀ նախագահի թեկնածուն՝ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ ներկայացնելով նաև իր նախընտրական ծրագրի դրույթները:

“Մեզ համար կենսական խնդիր է մեր բնակչության տարիքային կազմը, մեր երկրում երիտասարդ ընտանիքների ստեղծման ու ծնելիության խթանումը՝ հատկապես ժողովրդագրական առկա միտումների պայմաններում: Բոլոր անհրաժեշտ նախապայմանները պետք է ստեղծել, որպեսզի մեր երկրում էապես ավելանան բազմազավակ ընտանիքները: Մենք այս ուղղությամբ լուրջ ծրագիր ունենք”,-նոյեմբերյանցիների հետ հանդիպման ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ