11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Human Rights Watch”-ի նամակը Վճռաբեկ դատարանի նախագահին

«23 Հունվարի 2013

Արման Մկրտումյանին

ՀՀ Վճռաբեկ Դատարանի Նախագահ

Վազգեն Սարգսյան փ. 5, 0010 Երևան, Հայաստան

Պատվարժան Նախագահ,

Խնդրում եմ ընդունեք իմ ողջույնը Human Rights Watch ի անունից: Ինչպես դուք հավանաբար գիտեք, Human Rights Watch –ը անկախ, մարդու իրավունքների միջազգային կազմակերպություն է, որը մարդու իրավունքների ջատագովն է աշխարհի ավելի քան 90 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:

Մենք գրում ենք ձեզ, արտահայտելու մեր խորին մտահոգությունը, որ 2011-ի օգոստոսին Երևանի ոստիկանության հետ բախման ժամանակ անկարգության և պետական մարմնի ներկայացուցիչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով ձերբակալված ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործին առընչվող` նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի վկայությունների կապակցությամբ արդյունավետ դատաքննություն չի իրականացվել:

2012 թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի Ընդհանուր Իրավասության դատարանը դատապարտեց այս չորս երիտասարդներին երկուսից վեց տարվա ազատազրկման` կոպիտ դիմադրություն կամ բռնության սպառնալիք պետական պաշտոնյայի նկատմամբ և խուլիգանության մեղադրանքով:

Օգոստոսի 20-ին պաշտպանական կողմը հայցով դիմել է դատարան` ակտիվիստների գործով ընթացակարգային խախտումների վերաբերյալ: Նոյեմբերի 13-ին Վճռաբեկ դատարանը մերժեց դիմումը:

Մենք տեղյակ ենք, որ դուք այս պահին որոշում եք արդյոք լսել այս գործերին առընչվող վճռաբեկ դիմումը, որը ներկայացվել է 2012թ. դեկտեմբերի 23-ին և որ դուք կայացնելու եք ձեր որոշումը մինչև հունվարի 27:  Անկախ այն բանից կկայացնի արդյոք վճռաբեկ դատարանը վերջնական որոշում` լսելու այս հայցադիմումները, մենք պնդում ենք, որ դուք հաշվի առնեք ձերբակալությանն անմիջապես նախորդած և 2011թ. օգոստոսի 9-ին ոստիկանությունում գտնվելու ժամանակահատվածում այս չորս երիտասարդների նկատմամբ կիրառած դաժան վերաբերմունքին առընչվող լուրջ և վստահելի վկայությունները:

Ձերբակալություն և բռնությունների կիրառում

2011թ. օգոստոսի 11-ին Տիգրան Առաքելյանը և Արտակ Կարապետյանը մոտեցել են երկու ոստիկանի, ովքեր հարցաքննելիս են եղել երկու երիտասարդի Երևանի Տերյան փողոցում: Առաքելյանը և Կարապետյանը հարցրել են ոստիկաններին թե ինչ են նրանք անում և ինչու:  Կարապետյանը համոզված էր, որ երկու երիտասարդները վախեցած էին ոստիկանների վիրավորական խոսելաձևից: Ակտիվիստները հարցաքննվող երիտասարդներին առաջարկել են իրենց օգնությունը` հանդիսանալ նրանց համար որպես վկաներ:

Առաքելյանի` իր փաստաբան Վահե Գրիգորյանին տված հայտարարության համաձայն, ոստիկանները ճանաչել են Առաքելյանին և Կարապետյանին որպես ընդդիմադիր կուսակցության ակտիվիստներ: Ոստիկանների և ակտիվիստների միջև խոսակցությունը սաստկացել է, և ըստ վկայության,  ոստիկաններից մեկն ապտակել է Առաքելյանին: Ավելի քան 30 այլ ոստիկաններ ժամանել են դեպքի վայր և ընդգրկվել վեճում:

Հինգ մյուս ակտիվիստները, այդ թվում գործով անցնող երկու ամբաստանյալներ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը մոտեցել  և փորձել են պաշտպանել Առաքելյանին և Կարապետյանին:  Բոլոր 7 ակտիվիստները վկայում են, որ ոստիկանները ծեծի են ենթարկել իրենց այնքան ժամանակ, մինչև որ ոստիկանական մի ավագ սպա հրամայել է ձերբակալել նրանց և տեղափոխել մոտակա ոստիկանական բաժանմունք:

Ձերբակալվածներից ոչ մեկը չի տեղեկացվել ձերբակալության պատճառի և նրանց տեղափոխման վայրի  մասին:  Ըստ Գրիգորյանի, ոստիկանական բաժանմունք տեղափոխելու ճանապարհին, ոստիկաններից մեկը պահել է Առաքելյանին ծնկի վրա` մի քանի րոպե գլուխը սեղմած պահելով ոստիկանական մեքենայի առջևի նստարանին:

Երբ ոստիկանը ազատել է Առաքելյանի պարանոցն ու գլուխը, Առաքելյանն արագ հետ է բարձրացրել գլուխը` շունչ առնելու համար: Հետագայում ոստիկանը դատավարության ընթացքում Առաքելյանի և մյուս ակտիվիստների դեմ վկայություն տալով ասել է, որ Առաքելյանը հարվածել է իրեն և կոտրել քիթը:

Երբ երկու ամբաստանյալների փաստաբաններ Վահե Հովսեփյանը և Ստեփան Ոսկանյանը ժամանել են ոստիկանական բաժանմունք հանդիպելու պաշտպանյալներին, նրանք ծեծի հետքեր են նկատել պաշտպանյալների մարմինների վրա: Նույն օրը երեկոյան, երբ ոստիկանները ամբաստանյալներին պահել են առանձին սենյակներում, Հովսեփյանը հայտնում է, որ լսել է ճիչեր այն սենյակից որտեղ ոստիկանները պահելիս են եղել Կարապետյանին: 

Ոստիկաններից մեկը փորձել է Հովսեփյանին թույլ չտալ ստուգելու Կարապետյանի սենյակը: Երբ Հովսեփյանը ներս է մտել սենյակ, տեսել է թե ինչպես է Կարապետյանը փորձում վեր կենալ հատակից:  Ամբաստանյալները հետագայում բողոք են ներկայացրել դատախազություն այն մասին որ ձերբակալության ընթացքում իրենք ենթարկվել են դաժան վերաբերմունքի:

2012թ.  հուլիսին դատավարության ընթացքում ամբաստանյալները դատարանի առջև վկայություն են տվել, որ իրենք դաժան վերաբերմունքի են ենթարկվել ձերբակալությունից անմիջապես առաջ և ձերբակալության ընթացքում: Առաքելյանը վկայություն է տվել այն մասին թե ինչպես են դաժանորեն իր հետ վարվել իրեն ոստիկանական բաժանմունք տեղափոխելիս: 

Գրիգորյանը պատմել է Human Rights Watch-ին, որ դատախազությունը չի վարել որևէ հետաքննություն դաժան վերաբերմունքի վկայությունների առընչությամբ:  Ոչ Ընդհանուր իրավասության դատարանը, ոչ էլ վճռաբեկ դատարանը չեն հարուցել հետաքննություն այս վկայությունների առիթով: Երկու դատարաններն էլ հայտարարել են, որ կտտանքների և դաժան վերաբերմունքի որևէ դեպք տեղի չի ունեցել և որ ակտիվիստների վկայությունները պարզապես նպատակ ունեն խուսափելու քրեական պատասխանատվությունից:

Մենք շատ մտահոգ ենք 4 ամբաստանյալների նկատմամբ կիրառված դաժան վերաբերմունքի և այդ վկայությունների առնչությամբ արդյունավետ հետաքննության բացակայության կապակցությամբ:

Միջազգային համաձայնագրերը, որոնց մասնակից է նաև Հայաստանը, դրանց թվում Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիան, Քաղաքացիական և Քաղաքական Իրավունքների Միջազգային Դաշինքը, ՄԱԿ-ի Կոնվենցիան Կտտանքների և այլ դաժան, անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի կամ պատժի վերաբերյալ, բոլորը խստորեն արգելում են անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունք կամ պատիժ: Սա ներառում է նաև իրավունք ունենալ ժամանակին, անկողմնակալ, արդյունավետ հետաքննության, որի շնորհիվ հնարավոր կլինի բացահայտել և պատժել իրական կատարողներին:

Այս պահանջների իրականացման ձախողումը կնշանակի, որ Հայաստանը լրջորեն խախտում է իր միջազգային պարտավորությունները

Պատվարժան նախագահ, մենք հույս ունենք, որ Վճռաբեկ Դատարանը ուշադրությամբ կմոտենա վերը նշված գործին առընչվող տեղեկատվությանը և որ այն կվերանայի գործը բոլոր տեսանկյունից` ելնելով մարդու իրավունքների պաշտպանության Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններից:

Human Rights Watch-ը հավատում է, որ շատ կարևոր է, որ դաժան վերաբերմունքի մասին վստահելի վկայություններ ունենալով, և հաշվի առնելով Հայաստանի պարտավորություններն այս հարցում, անցկացվի այս գործին առընչվող վկայությունների արագ և ամբողջական հետաքննություն:

Շնորհակալություն այս հրատապ հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար:

Հարգանքներով`

Ռաչել Դենբեր,

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Բաժնի

Տնօրենի Տեղակալ

“Human Rights Watch”

Թարգմանությունը՝ Կարինե Դավոյանի

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ