06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՕԵԿ-ը դատապարտում է

Ավարտվեց դեկտեմբերի 6-ին նշանակված հանրաքվեն: Ինչպես վաղօրոք հայտարարել էր «Օրինաց երկիր» կուսակցությունը, հանրաքվեի կազմակերպման և անցկացման ընթացքի վրա իր լրջագույն ազդեցությունը թողեց նույնականացման` ID քարտերի առկայությունը, որոնց զանգվածային կիրառումը հանրաքվեի ընթացքում բազմակի քվեարկության զանգվածային դեպքերի և դրսևորումների առիթ դարձավ: Այս մասին հայտնում է ՕԵԿ մամուլի ծառայությունը:

ՕԵԿ-ը խորը մտահոգություն է հայտնում նաև հանձնաժողովների անդամների շարունակական կաշառման փորձերի և դրսևորումների, ընտրակաշառքի լայնամասշտաբ բաժանման և ուռճացված լրացուցիչ ցուցակների առնչությամբ: Կուսակցությունը պահանջում է իրավապահ մարմիններից գործուն ջանքերի ցուցաբերում իրավապահ մարմիններում, ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հեղեղված ընտրական հանցագործությունների բազմաթիվ փաստերի օբյեկտիվ քնության և մեղավորներին արժանի պատժի ենթարկելու հարցերում:

ՕԵԿ-ը մտահոգությամբ փաստում է, որ վարչական ռեսուրսի և թաղային հեղինակությունների անմիջական ներգրավման արդյունքում` Հայաստանի հազարավոր քաղաքացիներ դարձան ընտրակեղծիքների կազմակերպիչներ և մասնակիցներ:

Ցավով արձանագրում ենք, որ ժողովրդի ծանր սոցիալական վիճակը հերթական անգամ օգտագործվեց ընտրակաշառքի զանգվածային բաժանման նպատակով: Բդեշխական կարգերի դասական դրսևորում էր գյուղական համայնքներում քվեարկության կազմակերպումը, քանի որ պաշտոնական տվյալների վերլուծությունը մեզ բերում է այն աներկբա եզրակացության, որ ԱՅՈ-ի բարձր և անտրամաբանական քվեները, նաև հրապարակված տվյալների համաձայն, կատարված լցոնումներով եղել են բազմաթիվ գյուղական համայնքներում:

Արձանագրելով, որ հանրաքվեն անցել է բազմաթիվ ընտրախախտումներով` միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ կամովին մասնակիցը դարձան ընտրակաշառքով քվեարկության, ինչպես նաև փաստելով, որ ԿԸՀ-ն, չնայած հրապարակված բազմաթիվ տվյալների, երբ գիշերվա ժամը 12-ի դրությամբ հայտնի էին առնվազն 700-800 տեղամասերի արդյունքները, հրապարակեց ընդամենը 75 տեղամասերի արդյունքներ, որոնք 80 տոկոսով ԱՅՈ էին, իսկ հանրագումարում արդեն 825000 կամ 63,35 տոկոս ԱՅՈ քվե, ՕԵԿ-ը խիստ հասկանալի պատճառներով Սահմանադրական դատարանում չի նախաձեռնի հանրաքվեի արդյունքների վիճարկման գործընթաց, քանի որ նախ խորհրդարանում չկան նվազագույնը 27 պատգամավորներ նման գործընթաց նախաձեռնելու համար և երկրորդ` ԱՅՈ և ՈՉ քվեների տարբերությունը, ըստ հրապարակված պաշտոնական տվյալների, շուրջ 2 անգամ մեծ է հոգուտ ԱՅՈ-ի և նման գործընթացը չի կարող փոխել հանրաքվեի վերջնական արդյունքները:

ՕԵԿ-ը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ, վճռական կողմնակիցը լինելով համակարգային իշխանափոխությանը, դրա իրականացման մեխանիզմը համարում է 2017թ. համապետական ընտրությունները և կոչ է անում լայն հասարակական-քաղաքական համախմբման` վերահաստատելով ևս մեկ անգամ, որ Սահմանադրական հանրաքվեն և դրա դեմ տարվող հանրահավաքային պայքարը չի դիտարկվում որպես իշխանափոխության հնարավորություն, ուստիև կշարունակի իր պայքարն արդեն իսկ որդեգրված մարտավարության, այն է` «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման շրջանակներում` ևս մեկ անգամ կոչ անելով լայնամասշտաբ համախմբման հանուն Հայաստանի վերածննդի:

ՕԵԿ-ն ի սկզբանե հայտարարել էր, որ շահառուն չէ Սահմանադրական այս փոփոխությունների և, քաղաքական անհրաժեշտություն հռչակելով Հայաստանում նոր որակի իշխանության ձևավորումը, հայտարարում է, որ մոբիլիզացնելու է իր բոլոր ջանքերը առաջիկա համապետական ընտրություններում հենց այդ որակի իշխանություն ձևավորելու համար:

«Օրինաց երկիր» կուսակցությունը նաև շնորհակալություն է հայտնում Հայաստանի Հանրապետության մոտ կես միլիոն քաղաքացիներին, հանձնաժողովի անդամներին և վստահված անձանց, ովքեր մնացին աներեր ու սկզբունքային` անկախ իրենց դեմ գործադրված բազմաթիվ արգելքներից ու դժվարություններից:

Մենք համոզված ենք, որ նաև հենց այս մարդիկ են կանգնած լինելու համատեղ պայքարով Հայաստանն այս ծանրագույն վիճակից հանելու պատասխանատու և պատվաբեր գործի իրականացման համար:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ