11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄԻՊ-ը խորհուրդ է տալիս ոստիկանությանը

Օրեր առաջ “Կենտրոն” հեռուստաընկերության “Ուրվագիծ” հաղորդման հեղինակ Պետրոս Ղազարյանը Օմբուդսմենի հետ հարցազրույցի ընթացքում հրապարակայնորեն դիմել էր նրան և հայտնել, որ լրագրողական գործունեություն իրականացնելիս՝ ոստիկանությունը սպառնացել է իրեն: Նման բողոքի պատճառ է հանդիսացել Ոստիկանության կողմից պատրաստված և “Արմենիա” հեռուստաընկերությամբ հեռարձակված “Հերթապահ մաս” հաղորդման ժամանակ ներկայացված տեսանյութը, ինչը ոստիկանության արձագանքն էր այդ մարմնի վերաբերյալ Պետրոս Ղազարյանի հնչեցրած քննադատությանը: Ոստիկանության անունից այդ տեսնայութում Պետրոս Ղազարյանին խորհուրդ էր տրվում. “… եթե այնուամենայնիվ որոշել եք հարց լուծել` ձեր իմացությանն ու կարողությանը հարիր թեմա ու թիրախ ընտրեք, թե չէ հարցի ծանրությունից կկքվեք”։

 

ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով քրեական պատասխանատվություն է սահմանված բռնություն գործադրելու սպառնալիքով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:  Գտնելով, որ այս դեպքում ոստիկանության հնչեցրած սպառնալիքը ակնհայտ չէ և այդ պատճառով իրավական իմաստով քրեական գործի հարուցումը նպատակահարմար չէ, այնուամենայնիվ,  Պաշտպան Կարեն Անդրեասյանը անհրաժեշտ է համարում հատուկ ընդգծել հետևյալը:  

 

Օմբուդսմենի խորհուրդը ոստիկանությանը.

«1.  Գործեք ձեր իրավասությունների շրջանակում և զերծ մնացեք լրագրողին կամ  որևէ այլ անձի սպառնալի խորհուրդներ տալուց:

2. Բոլորիս աջակցությամբ, այդ թվում՝ քննադատությամբ, շարունակեք ոստիկանության բարեփոխման ծայրահեղ անհրաժեշտ գործը: Անելիքները շատ են:

3. Քրիստոնեաբար ընդունեք և սահմանադրորեն արձագանքեք քննադատությանը: Այդ դեպքում իրական ու շոշափելի բարեփոխումների արդյունքը կվայելենք ու կհնչեցնենք բոլորս»։

 

Անընդունելի է ոստիկանության կամ որևէ այլ մարմնի կողմից լրագրողական օրինական գործունեությանը ակնհայտ կամ քողարկված սպառնալիքով խոչընդոտելը: Ժողովրդավարական երկիր կարող ենք լինել միայն այն դեպքում, երբ չենք լռեցնում նույնիսկ անհաճո լրագրողի՝ անգամ հրահրող քննադատությունը: Նման երկրում միայն զրպարտչական կամ վիրավորական խոսքն է թույլատրվում սահմանափակել, այն էլ բացառապես դատական կարգով: Զրպարտությունից և վիրավորանքից պաշտպանվելու օրենսդրական լիարժեք հնարավորություն այսօր ունի թե´ ոստիկանը և թե´ որևէ այլ անձ: Իսկ մնացյալ բոլոր փորձերը ուղղորդել, սահմանափակել, ճնշել ազատ մարդուն և մասնավորպես լրագրողին՝ բացարձակ մերժելի ու ապօրինի են, հատկապես, երբ դրանք արվում են պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից:

 Ավելին, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով հաստատվել է, որ անընդունելի է այնպիսի գործողությունների ձեռնարկումը կամ նույնիսկ այնպիսի մթնոլորտի ստեղծումը, որոնք կդրդեն անձանց երկմտել, վախենալ իրենց խոսքի ազատության իրացման համար (Վիլը ընդ. Լիխտենշտեյնի, Նիկուլան ընդ. Ֆինլանդիայի, Էլսին և այլոք ընդ. Թուրքիայի):

 

Պաշտպանի աշխատակազմ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ