Էլդար Ռյազանովը մահանալուց առաջ դիտել է իր նկարահանած ֆիլմերը
Նախօրեին 89 տարեկան հասակում կյանքից հեռացավ հանրահայտ կինոռեժիսոր Էլդար Ռյազանովը։ Նրա մտերիմներից մեկը՝ հեռուստալրագրող ու պրոդյուսեր Իռենա Լեսնևսկայան, պատմել է Ռյազանովի կյանքի վերջին օրերի մասին, գրում է Komsomolskaya pravda-ն։
Լրագրողը պատմել է, որ իրենք հանդիպել էին մոտ երկու շաբաթ առաջ Ռյազանովի ամառանոցում, լուսանկարվել, ինչից հետո ռեժիսորն ասել է, որ դա իր վերջին լուսանկարն է: Լեսնևսկայան առարկել է Ռյազանովին` պնդելով, որ վերջինս պետք է պայքարի և ուրախանա ամեն օրվա առթիվ, սակայն ռեժիսորը պատասխանել է, որ գրեթե չի տեսնում, չի լսում, չի քայլում և ուրախանալու առիթ չունի: Հեռուստալրագրողի կարծիքով` Ռյազանովը փիլիսոփայորեն էր մոտենում իր մահվանը:
Լրագրողը պատմել է նաեւ, որ մահվանից առաջ Ռյազանովի մոտ ցանկություն էր առաջացել վերանայելու իր նկարահանած վավերագրական հաղորդաշարերը, արվեստագետների հետ հարցազրույցներն ու լեգենդար ֆիլմերը, որոնց վերաբերվում էր սեփական երեխաների պես:
Լեսնևսկայան հավելել է, որ նախկինում Ռյազանովը չէր սիրում դիտել իր նկահարանած ֆիլմերն ու հեռուստանախագծերը, սակայն մահվանից առաջ նրա մոտ ինչ-որ բան էր փոխվել։