Էլեկտրոնային առողջապահություն
ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվեց առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ծրագրի ընթացքը:
Այս տարվա նոյեմբերի սկզբին մեկնարկել է էլէկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի փորձարարական ծրագիրը, որի իրականացման գործում ներգրավված են Երևանի և մարզերի 8 բժշկական կազմակերպություն և 1 ապահովագրական ընկերություն: Փորձարարական ծրագրի շրջանակում իրականացվում են մասնագետների լայնածավալ կրթական դասընթացներ:
Քննարկվեցին էլէկտրոնային միասնական ներդրվող համակարգի առավելություններն ու թերությունները:
Նշենք, որ համակարգի ներդրման նպատակն է Հայաստանում առողջապահության բնագավառում անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծումը, որն ապահովելու է հանրապետության յուրաքանչյուր բնակչի վերաբերյալ լիարժեք բժշկական տեղեկատվություն` միասնական և ամբողջական ձևաչափով:
Համակարգի միջոցով հավաքագրված էլեկտրոնային տեղեկատվությունը կարող է կիրառվել տարբեր նպատակներով, մասնավորապես` անձի վերաբերյալ բժշկական մանրակրկիտ տեղեկատվություն ստանալու և համապատասխան բժշկական ծառայությունների մատուցման համար, բժշկական ծառայությունների դիմաց փոխհատուցումներ կատարելիս, ուսումնասիրությունների, վերլուծությունների նպատակով և այլն:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կարևորվեց ծրագրի ներդրման իրավական, ֆինանսական և որակական վերահսկողության ապահովման հարցերը:
Քննարկման ավարտին նախարարը պատասխանատուներին հանձնարարեց 2016թ. սկզբին` ամփոփելով մեկնարկած փորձարարական ծրագիրը ներկայացնել էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման հետ կապված կարիքների, առկա և սպասվելիք ռեսուրսների վերաբերյալ նախնական հաշվետվություն: