Գիշերօթիկի սանին ծեծած դաստիարակը տույժի է ենթարկվել
Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատասխան գրություն է ստացել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից Երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցը ինքնակամ լքած 9-ամյա Տիգրան Պապիկյանի գործով։ Գրության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 20-ին սոցիալ մանկավարժական խորհրդի նիստի արդյունքում Երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցի դաստիարակի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, իսկ հաստատությունը երեխայի կողմից ինքնակամ լքելու պատճառները հետաքննվում են ՀՀ ոստիկանության կողմից:
Տիգրան Պապիկյանը Պաշտպանի աշխատակազմի միջամտության շնորհիվ այժմ գտնվում է ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնում, որտեղ ստանում է հոգեբանական, սոցիալական աջակցություն, գտնվում է համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում, ապահովված է սննդով եւ հագուստով, մինչ պարզվեն երեխայի` գիշերօթիկ հաստատությունից փախուստի բոլոր հանգամանքները:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 19-ին, Տիգրանը փախել էր Երեւանի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունից: Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները երեխային գտել էին Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցումի խանութներից մեկում, որտեղ նա պատմել է, որ գիշերօթիկի դաստիարակներից մեկը` ընկեր Լիլիթը պարբերաբար ծեծել է նրան, ինչի հետեւանքով նա փախել է գիշերօթիկից:
Պաշտպանի աշխատակազմը հետեւողական է Տիգրանի գործի ընթացքին եւ սպասում է Խնամակալության եւ հոգաբարձության մարմնի եւ Ոստիկանության պատասխան գրություններին: