Մեկնարկեց հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթը
Նոյեմբերի 16-ից 22-ն աշխարհում մեկնարկում է հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնած հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի համաշխարհային արշավին, որն անցնում է «Հակաբիոտիներ. կիրառել պատշաճ» կարգախոսի ներքո, առաջին անգամ միացել է նաև Հայաստանը: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:
Թեմայի շուրջ ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարություն, ԱՀԿ-ի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետներն անդրադարձան շաբաթի առաքելությանը, ինչպես նաև ակնկալվող արդյունքներին:
«Հակաբիոտիկների ճիշտ օգտագործման մասին պետք է տեղեկացված լինեն ոչ միայն քաղաքացիները, հիվանդները, այլև առաջին հերթին բժիշկներն ու դեղագետները»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:
Նրա խոսքով` մեկնարկած քարոզարշավի նպատակն է հանրության լայն շրջանում հակաբիոտիկների ճիշտ օգտագործման մասին տեղեկատվության տարածումը: Այս գործում իրենց կարևոր դերն ունեն նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները:
«Հակաբիոտիկների նշանակումը պետք է որոշվի անհատական մեթոդով: Մենք կոչ ենք անում կիրառել հակաբիոտիկներ միայն բժշկի ցուցմամբ»,- ընդգծեց Սերգեյ Խաչատրյանը:
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Ղուկասյանի փոխանցմամբ` հաշվի առնելով հակաբիոտիկների ոչ պատշաճ կիրառմամբ պայմանավորված ռիսկերը և մեծապես կարևորելով այս թեման ԱՀԿ-ն որոշում է կայացրել մեկ շաբաթ նվիրել քարոզարշավի իրականացմանը:
«Քարոզարշավի կարգախոսն արտացոլում է այն փաստը, որ հակաբիոտիկները պետք է կիրառել միայն և միայն անհրաժեշտության դեպքում»,- ասաց մասնագետը:
Հակաբիոտիկները կարևոր և արժեքավոր ռեսուրսն են, այդ պատճառով ընտրված կարգախոսն արտացոլում է հակաբիոտիկների պատշաճ, միայն բժշկի նշանակմամբ օգտագործումը:
Ներկայումս լուրջ հիմնախնդիր է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն աճում է, իսկ ստեղծվող նոր հակամանրէային դեղերի թիվը շատ քիչ է: