«Մենք լավ ժողովուրդ չենք»
Մշակութաբան Սամվել Կարապետյանը կիսվել է խոհերով:
Ճարտարապետ Արմեն Զարյանի հետ (Կոստան Զարյանի որդին) ծանոթացել եմ 1980-ին իր որդու` Վալտերի միջոցով: Այդ թվականից տարիներ շարունակ բավական մտերիմ եմ եղել նրա հետ: Զարյանի տանը` ումից ամեն վարկյան կարելի էր սովորել, ինքս հաճախ էի լինում և համարյա յուրաքանչյուր այցելությունից հետո իրենց տանից դուրս էի գալիս ոչ միայն հայ ճարտարապետության մասին մի գիրք նվեր ստացած, այլև սիրածս գործիս վերաբերմամբ խրախույսներով ու ոգևորությամբ:
Թե որքան էի հարգում ու սիրում Արմեն Զարյանին պատմելու չէ: Կյանքի վերջին տարիներին փորձում էի ավելի հաճախ այցելել, երբեմն թեկուզ կենցաղային խնդիրներում օգտակար լինելու նպատակով: Այդպես շարունակվեց մինչև 1993 թ. տարեվերջ…, մինչև Արմեն Զարյանի այն մեկ արտահայտությունը, որին մեջս պատերազմ ունենալով ոչ մեկ բառ պատասխան չտվեցի, բայց դրանից հետո մի այնպիսի բան կոտրվեց մեջս, որ հակառակ կամքիս այլևս չկարողացա այցելել մարդուն: Այդ օրվանից հաշված ամիսներ անց Զարյանը վախճանվեց:
Հիշում եմ, որ Զարյանի դին մեքենայով փոխադրելիս էլ կողքին նստած նույն բանի մասին էի մտածում, թե ինչո՞ւ այդպես ասաց, մի՞թե կարելի էր մեր անուշ ու պաշտելի ազգի հասցեին կյանքի մայրամուտին ասել «Մենք լավ ժողովուրդ չենք»: Գուցե նման եզրահանգում ցանկացած մեկ ուրիշից լսելուս պարագային կարող էի համակերպվել և ինչու չէ` պատասխանել, բայց Զարյանից լսածս կուլ չէր գնացել:
Մեր ազգին տված Զարյանի այդ գնահատականը լսելուցս անցել է արդեն ավելի քան երկու տասնամյակ և այսօր մեծ ուշացումով և կսկիծով խոստովանում եմ, որ ինձ այնքան վշտացրած ու հիասթափեցրած Արմեն Զարյանի արտահայությունը` կիսում եմ լիովին…