29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչպես հաղթահարել վախը

Մարդկային կյանքի հորձանուտում բազմաթիվ վտանգներ և մտավախություններ են առաջ գալիս, որոնց դեմ մարդիկ տարբեր կերպերով փորձում են պաշտպանվել: Մարդը վախենում է փորձանքից, որ հնարավոր է իրեն պատուհասի, բարեկամի հիվանդությունից, աշխատանքի ազատումից, տնտեսական ճգնաժամից, այն, որ երեխաները կմեծանան անուսում, անօգնական, որ տղային բանակ կտանեն:

Վախենում է վնասակար հավելումներով սննդից, փողոցում տեղի ունեցող հանցագործություններից, իշխանության որոշումներից, աշխարհի վերջից: Եթե երեխան գնացել է դպրոց, որևէ խմբակ կամ բակ, ապա ծնողի մտահոգությունն է, չլինի, թե որևէ բան պատահի նրան: Եթե օրն իր հետ ոչ մի վախ չի բերում, ապա այն լրացնում են օրվա նորությունները՝ ահազանգող պատերազմներով և բազմաթիվ այլ դժբախտություններով:

Մարդը, թույլ և անկատար լինելով, ենթակա է կրքերի, հիվանդությունների և վախերի: Սիրո դեմ ուղղված վախը մարդու թշնամին է, նա խորամանկ է և վտանգավոր, իրականում չցանկանալով խնայել մարդուն, որպես հոգու անբուժելի հիվանդություն փորձում է տարածվել, եթե ժամանակին չկանխվի նրա ընթացքը:

Վախի մեջ գտնվողը, անօգնական վիճակում հայտնվելով, սկսում է չվստահել, չարանում է՝ մտածելով միայն իր մասին: Բոլոր այս դեպքերում վախը սկսում է մարդուն կառավարել, թելադրել՝ զրկելով ազատ գործելու հնարավորությունից: Աստծո կամքին վստահելու փոխարեն, մարդը տրվում է անորոշ վիճակներին, դժվարություններին, դադարում է իր կյանքը կառուցել իր ցանկությունների և համոզմունքների հիման վրա՝ բազմաթիվ փակուղիներ ստեղծելով իր ճանապարհին: Ներկայով ապրելու փոխարեն՝ մարդը բոլոր իր գործերը հետաձգում է իր համար կարծեցյալ բարենպաստ «հետո»-ի վրա, որը կարող է և երբեք չլինել: Իսկ ծնողի վախը երեխայի հետ կապված խանգարում է, որ երեխան ունենա անձնական և հոգևոր զարգացում:

Հնարավո՞ր է, որ նման վախերը քրիստոնյայի միտքն ու հոգին գրավեն: Հավատը օգնո՞ւմ է վախի դեպքում կամ ի՞նչ անել, եթե մարդը հավատավոր է, բայց վախենում է:

Ակնհայտ է, որ վախն անհամատեղելի է հավատի, Աստծո հանդեպ վստահության և ապավինության հետ: Բայց և միևնույն ժամանակ քրիստոնյան չի էլ կարող ընդհանրապես անվախ լինել: Պարզ է, որ եթե կա իր կամ հարազատի կյանքին սպառնացող ռեալ վտանգ, ապա անխուսափելի է դառնում վախը: Բայց և վախից դուրս գալու հստակ ճանապարհներ կան քրիստոնյայի համար՝ հավատ, աղոթք: Իսկ վախից ձերբազատվելու համար պետք չէ շտապել «վախ չափողի» մոտ, այլ գնալ եկեղեցի՝ մասնակիցը լինելու վախի դեմ աղոթքին: Վախը թերահավատության արդյունք լինելուց բացի, իր երկարատև առկայությամբ կարող է վերածվել սթրեսի, դեպրեսիայի և մի շարք հիվանդությունների:

Քրիստոս ասել է. «Եվ մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առավել վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստյան մատնել հոգին և մարմինը» (Մատթեոս 10:28):

Ահա, թե ինչ ասաց Քրիստոս Իր առաքյալներին, որ վախեցել էին: Մատթեոսի Ավետարանում 8-րդ գլխում կարդում ենք, որ երբ առաքյալները Քրիստոսի հետ նավակում էին, ուժեղ փոթորիկ սկսվեց՝ նավակը խորտակելու աստիճան: Այդ ժամանակ Քրիստոս ննջում էր, և առաքյալները մեծ վախի մեջ արթնացրին Նրան՝ ասելով. «Տե՛ր, ազատի՛ր մեզ, ահա կորչում ենք» և լսեցին հետևյալը՝ ինչո՞ւ եք այդքան վախենում, թերահավատնե՛ր: Հիսուս նրանց փոխանցեց Իր հանգստությունը, հանդարտվեց փոթորիկը և տիրեց կատարյալ խաղաղություն:

Երբ Հիսուս քայլում էր ջրի վրայով, Նրա թույլտվությամբ Պետրոսն էլ քայլեց, բայց այնքան ժամանակ, քանի դեռ իր հայացքն ուղղել էր Քրիստոսին: Երբ Պետրոս առաքյալը նայեց փորձությանը, սկսեց վախենալ և անմիջապես սուզվեց: Ապա, երբ իր հայացքը նորից ուղղեց Քրիստոսին, օգնություն խնդրելով, լսեց՝ թերահավա՛տ ինչո՞ւ կասակածեցիր: Քրիստոս Իր առաքյալներին պարգևեց Իր լռությունն ու խաղաղությունը, հանդարտվեցին թե՛ նրանք, թե՛ քամին և ալիքները: Այսպիսով, երկու մեծ հրաշք տեղի ունեցավ, ըստ բնության օրենքի, ալիքները միանգամից չէին կարող հանդարտվել, և առաքյալները մեծ հանգստություն գտան, քանի որ նրանց անհանգստությունն ավելի ուժեղ էր, քան փոթորիկը:

«Քա՛ջ եղեք, ես եմ, մի՛ վախեցեք» Քրիստոսի քաջալերող այս խոսքերն, առաքյալներին ուղղված, բոլոր ժամանակների բոլոր մարդկանց է ուղղված: Ներքին վախը հաղթահարելու համար պետք է լցվել Սուրբ Հոգով. «Աստված մեզ Իր Հոգին տվեց, որպեսզի հաղթահարենք մեր վախկոտությունը, զորանանք, լցվենք սիրով և զգաստ մի կյանք վարենք» (Բ Տիմոթեոս 1:7):

Հարկ է չմոռանալ, որ ամենամեծ Պահապանն Ինքն Աստված է` Ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը և առանց Նրա սուրբ կամքի մեր գլխից մի մազ անգամ չի ընկնի (Մատթեոս 28:20, Ղուկաս 21:18):

Նրանից պետք է երկյուղել, այլ ոչ թե վախենալ

«Աստված պապիկը կպատժի» որոշ ծնողներ իրենց երեխային այս կերպ են փորձում հնազանդեցնել, կան մարդիկ էլ, որ հավատի մեջ իրենց առաջին քայլերն վախից ելնելով են կատարել: Սովորաբար, երբ մարդը հավատի ուղիով ընթանալիս, ծանոթանում է Աստվածաշնչի և եկեղեցու հայրերի գրվածքին, ապա իր համար պարզում է, որ ոչ թե պետք է վախենալ Աստծուց, այլ երկյուղել: «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է» (Սաղմոս 110:10): Սբ. Անտոն Մեծն ասել է. «Լույսը, թափանցելով մութ սենյակ, փարատում է և լուսավորում այն: Այդպես էլ Աստծո երկյուղը թափանցելով մարդու սիրտ, փարատում է խավարը՝ այն լցնելով իմաստությամբ և առաքինությամբ»:

«Աստծո հանդեպ երկյուղել չի նշանակում վախենալ Նրանից, ինչպես, օրինակ, կվախենայինք կայծակից: Աստծո հանդեպ երկյուղը դա վախն է Նրան կորցնելու, ինչպես նաև կորցնելու լիարժեքության, հավիտենության և երանության զգացումները, կորցնել երկար ժամանակով կամ ընդմիշտ, ահա, թե ինչից պետք է վախենալ» (Ալեքսանդր Մեն):

Աստծո հանդեպ երկյուղը դա այն ամենակարևոր զգացումն է, որ կարող է ունենալ քրիստոնյան: Եկեղեցու հայրերից Սբ. Իսահակ Ասորին նշել է, որ Աստծո հանդեպ երկյուղը դա բարեգործության սկիզբն է. «Քաջալերվի՛ր, քո ճամփորդության հիմքը դնելով Աստծո երկյուղը և կարճ ժամանակ հետո կհայտնվես Երկնային Թագավորության դարպասների մոտ…»: Խորհելու առիթ է տալիս նաև Սբ. Պիմեն Մեծը. «Խոնարհության և Աստծո հանդեպ երկյուղի կարիքն այնքան ունենք, որքան որ շնչառության… Սկիզբը և վերջը հոգևոր կյանքի դա Աստծո հանդեպ երկյուղն է»:

 

Կարինե Սուգիկյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ