Հանրաքվեին կարելի է մասնակցել ID քարտերով. ԱԺ-ն քվեարկեց

Քիչ առաջ 74 կողմ, 13 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:
ՀՀԿ-ական պատգամավորների հեղինակած փաթեթով լուծվում է Սահմանադրական հանրաքվեին այն 180 հազար քաղաքացիների քվերակության հարցը, ովքեր անձնագրի փոխարեն նույնականացման քարտեր ունեն: Օրենքով սահմանվում է, որ միայն նույնականացման քարտ ունեցող ՀՀ քաղաքացիները քվեարկության կկարողանան մասնակցել նույնականացման քարտերով: Նույնականացման քարտերի վրա դրոշմակնիք չի դրվելու, սակայն նույնականացման քարտով քվեարկած քաղաքացու անվան դիմաց ընտրացուցակում համապատասխան նշում է կատարվելու, ինչը հնարավորություն կտա վերահսկել քվեարկության ընթացքը:
Նկատենք, իշխող մեծամասնությունը մերժեց վերահսկողության մեխանիզմ սահմանել մատերը թանաքոտելու եղանակը և որոշվեց միայն նույնականացման քարտերով քվեարկող քաղաքացիների անվան դիմաց նշում անել: