Եթե բռնություններ սկսվեն
«Մենք գտնվում ենք հանրաքվեի ակտիվ քարոզչական շրջանում, և Հայաստանը միջազգային մշտադիտարկման տակ է: Եթե բռնություններ սկսվեն հիմա, ապա դրանով կապալեգիտիմացվի հանրաքվեն: Թող վարչախումբը մտածի այդ մասին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը` մեկնաբանելով Ժիրայր Սեֆիլյանին հարցաքննության հրավիրելու մասին տեղեկատվությունը: Այլ մանրամասներ Չուգասզյանը խոստացավ հաղորդել օրվա երկրորդ կեսին:
Հիշեցնենք, նոյեմբերի 10-ին, երեկոյան ժամը 21-ին, մի խումբ ոստիկաններ այցելել են «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանի բնակարան և տեղեկացրել, որ նա առավոտյան ժամը 10-ին հարցաքննության նպատակով ներկայանա ՀՀ քննչական կոմիտե: Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է ոստիկաններին ընդունել իր բնակարանում և պատասխանել է, որ ինքը առավոտյան կկապվի քննիչի հետ և կպարզի, թե ինչն ինչոց է
ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Սեֆիլյանը ծանուցագիր է ստացել և հրավիրվել է հարցաքննության՝ նախկինում հարուցված քրեական գործի շրջանակներում:
Հիշեցնենք, սույն թվականի ապրիլի 7-ին Ժիրայր Սեֆիլյանը եւ Հիմնադիր Խորհրդարանի մյուս անդամներ՝ Գեւորգ Սաֆարյանը, Գարեգին Չուգասզյանը, Պավլիկ Մանուկյանը եւ Վարուժան Ավետիսյանը ձերբակալվեցին, ապա նրանց նկատմամբ մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ նախապատրաստելը) եւ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Մեկ ամիս անց՝ մայիսի 4-ին, գործը վերահսկող դատախազի որոշմամբ ՀԽ անդամները ազատ արձակվեցին: