Տեսա՞ր, ի՞նչ եղավ…Ամանորի խոհեր եւ սիրո խոստովանություններ կալանավայրից /վիդեո, ֆոտո/
Չգիտի՞ ում մեղադրի Հրանտ Գալոյանը, ով արդեն 3 տարի “Աբովյան” քրեակատարողական հիմնարկում է: Տատին ու պապին, թե՞ հորը…չի կարող ասել, թերեւս իրեն է մեղադրում եւ զղջում է կատարվածի համար: 16 տարեկանում է հայտնվել այստեղ եւ արդեն 3-րդ Նորին տարին դիմավորելու է իր բախտակից ընկերների հետ:
Հրանտ |
Ավազակային հարձակման համար է դատապարտվել, համագյուղացիներից փող էր պահանջում` վախեցնելով, որ ոչ մեկի չասեն:Եղածը մի բան չէր. մեկից 17 հազար դրամ, մյուսից 2760 դրամ եւ….Հիմա չի անի, փակ տարածքը նրան վերադաստիարակել է: Հյուսնի, խառատի մասնագիտությանն է տիրապետում, փայտագործության արվեստի գաղտնիքներն է սովորել: Հա, դպրոցն էլ է այս հաստատությունում ավարտել:Երազանք չունի, չի կարող ասել 2013թ-ը ինչ չբերի, բայց հարազատներին եւ սիրած աղջկան երջանկություն է մաղթում: Երեք տարի հետո ազատվելու է: Բնականաբար աշխատանք է գտնելու, հետո ամուսնություն, ընտանիք: Իսկ հիմա չգիտի սիրած աղջիկը կտեսնի՞ իրեն, կկարդա՞ հոդվածը, բայց խոստովանում է որ կարոտել է Լուսինեին: “Լուսինե, կարոտել եմ քո սիրուն աչքերին, ափսոս միասին չենք դիմավորում տոնը, բայց մի օր կհասնեմ դրան, սպասիր…”,-ասում է Հրանտը սիրած աղջկան:
Էլման |
Ծննդով ղարաբաղցի Էլման Խալաֆյանը առաջին նոր տարին է այստեղ դիմավորել: Դե արդեն հարմարվել է նոր ընտանիքին: Խարդախության համար է դատապարտվել, եւ իր կարծիքով մեծ գումար չի “գցել”` 2 մլն-ին մոտ: Բարեմաղթանքներ իհարկե ունի` խաղաղություն, սեր եւ երջանկություն է մաղթում բոլորին: Վերջինս չհամաձայնվեց տեսախցիկի առաջ Արցախի բարբառով մաղթանք ասել: “Ամոթ ա, դուրս կգամ ստեղից, մի լավ կենաց կասեմ էդ տարին”,-ասաց Էլմանը:
Խաչատուր |
Ի տարբերություն ընկերոջը, 17 տարեկանից այստեղ գտնվող Խաչատուր Գալստյանը երկու անգամ Ամանորը քրեակատարողական հիմնարկում է դիմավորել: “Ուրախ եմ որ հիմա տուն եմ գնալու, մերոնց հետ կնստեմ, կխմեմ, կդիմավորենք 2013-ը: Իհարկե, ստեղի ընկերներին տեսնելու կգամ”,-ասում է նա: Դեկտեմբերի 28-ից Խաչատուրը ազատության մեջ է:
Վիգեն Բոդոյանը սիրում է նոր տարին, որովհետեւ մոտ 7օր ազատ ռեժիմում են լինում:Ավազակային հարձակման համար է դատապարտվել, 6 տարի որոշել է դատարանը, մեկ տարի համաներմամբ կրճատվել է: Երեք տարի 5 ամիս կալանավայրում է: Սենյակն են զարդարում, տոնածառն են դնում եւ ամեն տարի ձգտում են նոր տարին լավ սկսել, որպեսզի օրերը հետաքրքիր անցնեն: Անգլերեն է սովորել, մասնագիտություն է ձեռք բերել:
Վիգեն |
Բարեկամներին հաջողություն եւ առողջություն է մաղթում, սիրած աղջկան գեղեցկություն եւ նրբագեղություն: “Հավատքով ենք ապրում, հավատը դատապարտյալին հոգուն հանգստություն է տալիս: Եթե դատապարտյալը նեղված է լինում մի բանից, աղոթում է եւ սփոփանք գտնում”,-ասում է Վիգենը:
Մի սենյակում ապրող 12 դատապարտյալները մեծ ընտանիք են: “Իրար մերվել եք, ջան ասում, ջան լսում եք”,-ասում են նրանք: Բայց հատկապես առանձնացնում են Մասիսին:Գովում են, միաժամանակ հպարտանում Մասիսով: Վերջինիս երկու ամիս է մնում պատիժը կրելու: Լավ ձայն ունի, եւ ազատվելուց հետո պիտի երգիչ դառնա: “Ի՞նչով է պակաս աստղերից”,-ասում են նրա անազատության մեջ գտնվող ընկերներն ու հորդորում Henaran.am-ի ընթերցողների համար երգել:
“Տեսար ի՞նչ եղավ….”, երգում է Մասիսն ու ծափահարությունների տակ պայթում են մանկական շամպայնի խցանները:
Բաժակները իրար են զարկում, իսկ մաղթանքը մեկն է` շուտ հայտնվել ազատության մեջ եւ մոռանալ անցյալը….
Շնորհավոր նոր տարի…..
Հրանտի սիրո խոստովանությունը, Վիգենի հավատքի մասին պատկերացումներն ու շամպայնների պայթեցումը` տեսանյութում:
Henaran.am-ը իր շնորհակալությունն է հայտնում Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանին` աջակցության համար:
Հիշեցնենք, որ մենք Հին Նոր տարուն կրկնում ենք Ամանորի օրերին թողարկված ամենահետաքրքիր հոդվածները: