Առողջապահության նախարարի թիվ մեկ խնդիրը
Պաշտոնավարման ամիսների ընթացքում ամենամեծ հաջողությունը առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը համրում է մարզային համաչափ զարգացման ծրագրի առաջ քաշումն ու ինչ-որ չափով իրականացումը: ”Ծրագիրը ներ ենք դրել, որպեսզի մարզերում առողջապահությունը մոտեցնենք այն մակարդակին, որը գոյություն ունի մայրաքաղաքում”,-Henaran.am-ի հետ զրույցում` ներկայացնելով ոլորտում կատարված փոփոխությունները, նշեց նախարարը: Ծրագրի շրջանակներում նեղ մասնագիտական ծառայություններն են բարելավվում, ինչպես նաև ցանկություն կա ավելի մատչելի դարձնել բժշկության ծախսերը, նախատեսել, որ հեռավոր մարզերում գյուղի բնակիչը երաշխիքներ ունենա ավելի լավ պայմաններում և ապրելու, և բուժվելու:
Դումանյանը պատմեց, որ վերջերս Գյումրիում շահագործման է հանձնվել նոր հիվանդանոց, որտեղ հիվանդների թիվը այնքան շատ է, որ ստիպված են եղել նոր մահճակալներ ավելացնել: Իհարկե, նախարարին ուրախացնում է ոչ թե հիվանդների թիվը, այլ այն, որ այդ թիվը վկայում է` վստահություն է առաջացել տեղի բժիշկների և բուժհաստատության նկատմամբ: ”Մինչև այդ ճանապարհներ էին գտնում Երևան գալու, այստեղ բուժվելու”,-նկատեց Դումանյանը: Նպատակ կա նաև ծննդօգնությունն ավելի մատչելի դարձնել մարզերում:
Այս բնագավառում կատարված փոփոխությունները, նախարարի ներկայացմամբ, հղի կանանց մոտ ցանկություն է առաջացնում հենց իրենց մարզերում էլ ծննդաբերելու և ոչ թե մայրաքաղաք գալու:” Բնական չէ` ինը ամիս հղիությունը վերահսկում էր տվյալ մարզի մանկաբարձ-գինեկոլոգը, վերջում կինը ծննդաբերում է Երեւանում’,-ընդգծեց նախարարը: Վերջինս համաձայնեց, որ այս ամենին զուգահեռ բացեր դեռևս կան: Թիվ մեկ խնդիրը, որ կցանկանար լուծել նախարարը 2013 թվականին, բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացումն է: