«Ով էլ հարստանա, այդպես կվարվի»
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ներկայացվել են ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացված «ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատում» հետազոտության երկրորդ՝ «Ուսանողների հասարակագիտական գիտակցությունը» հատվածի արդյունքները: Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը:
Ըստ հետազոտության արդյուքների՝ ուսանողության 25.3%-ի կարծիքով Հայաստանի առջև կանգնած կարևորագույն խնդիրը գործազրկությունն է, որին հետևում են՝ աղքատությունը (20.0%), երկրի անվտանգության ապահովումը (19.8%), երկրի տնտեսական թերզարգացածությունը (19.6%), արտագաղթն ու արտագնա աշխատանքի մեկնումները (19.3%):
Ուսանողների 58.8%-ը համաձայն են այն կարծիքին, որ յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր տնտեսական վիճակի համար, 27.7%-ը՝ կարծում են, որ աղքատության և անհավասարության հիմնական պատճառը անարդարությունն է, իսկ 12.1%-ը գտնում են, որ աղքատության և անհավասարության հիմնական պատճառը երկրի աղքատությունն է՝ երբ երկիրը հարստանա՝ այդ խնդիրները կլուծվեն: Ուսանողների 33.0%-ը համաձայն է որ. «բնական է, որ հարուստներն ու իշխանություն ունեցողները անպատիժ խախտում են օրենքները, քանի որ ով էլ հարստանա կամ գա իշխանության` այդպես կվարվի»: Այդ կարծիքի հետ համաձայն չեն ուսանողների 66.6%-ը:
Հետազոտությունն իրականացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով՝ IPSC ընկերության կողմից, 2015թ.-ի մայիս-հունիս ամիսներին: Իրականացվել է կոմպլեքսային սոցիոլոգիական հետազոտություն, այդ թվում՝ զանգվածային հետազոտություն (հետազոտության ընդհանուր համակցությունն էր՝ Երևանի պետական համալսարանների առկա ուսուցմամբ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, հարցվել է 1,221 ուսանող), փորձագիտական հարցազրույցներ կրթության ոլորտի փորձագետների հետ (20 հարցազրույց), ֆոկուս խմբային հետազոտություններ ուսանողների շրջանում (6 ֆոկուս խումբ):