Ավարտում է առաքելությունը
Ավարտվում է ԱՄՆ-ից ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետների առաքելությունը Տավուշի մարզում: Նախարարության կողմից հավատարմագրված առաջատար բուժաշխատողները հինգ օր շարունակ սահմանամերձ մարզի բնակչության շրջանում կատարել են ավելի քան 800 ախտորոշիչ հետազոտություն և 40 վիրահատություն: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:
ԱՄՆ-ից ժամանած մասնագետները և «Հայաստան» համահայկական հիմնադրամը ՀՀ առողջապահության նախարարի տեղեկալ Գագիկ Միրիջանյանի և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մասնակցությամբ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնին նվիրաբերել են մեծ քանակությամբ բժշկական սարքավորումներ, այդ թվում` անեսթեզիոլոգիական սարքեր, ինչպես նաև ժամանակակից հագեցվածությամբ երկու շտապօգնության մեքենա:
«Նման բարձրակարգ մասնագետների այցերը Հայաստան շատ ողջունելի են: Մենք այս ծրագրերի շնորհիվ առաջին հերթին ակնկալում ենք ընդլայնել համագործակցությունը և այն շարունակական դարձնել»,- ասաց Գագիկ Միրիջանյանը:
Բժշկական խմբի կազմում ընդգրկված էին մանկաբույժներ, անեսթեզիոլոգներ, սրտաբաններ, նեղ մասնագիտացում ունեցող հայ և օտարազգի այլ մասնագետներ, որոնք չնայած գերծանրաբեռնված աշխատանքային ռիթմին, այցելուների մեծ հոսքին, սիրով և բարձր պատրասակամությամբ կատարեցին իրենց առաքելությունը:
«Մենք առանձնացրել ենք այս բժշկական կենտրոնի առաջնահերթությունները, որ մեր առաքելությունը կառուցենք ըստ մարդկանց կարիքների` աջակցելով վիրաբուժությանը, մանկաբուժությանը, սրտանոթային, արյան բարձր ճնշման հիվանդությունների կանխարգելմանը և բուժմանը, որոնք այս տարածքի համար լուրջ մարտահրավերներ են»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի նախագահ Քեվին Ռոբերթսը:
Նշենք, որ Տավուշի մարզի բնակչությանը բժշկական օգնություն տրամադրելու նպատակով ԱՄՆ-ից ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետները մեր երկիր ժամանել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ: