Թուրքիան խանդել է Հայաստանին, բայց նրան իր տեղն են ցույց տվել
՛՛Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները՛՛ հայտը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Այս մասին այսօր ասուլիսում ասաց Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:
Փոխնախարարը պատմեց, որ դեկտեմբերի 6-10 Փարիզում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարման կոմիտեի 7-րդ նստաշրջանը: Տարբեր երկրների կողմից նախապես ներկայացված 70 հայտերից 36-ը ստացել են փորձագիտական դրական եզրակացություն և ընդգրկվել նստաշրջանի օրակարգում: Այդ թվում է նաև ՛՛Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները՛՛, որը համատեղ պատրաստվել է Մշակույթի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի կողմից:
՛՛Մենք հպարտ ենք, որ համալրվեց մեր երկրի հայտը, դա պարտավորեցնում է երկրին շարունակել այդ ուղղութամբ աշխատանքները, բավական լուրջ գործողություններ կան, բայց երկիրը պետք է ապահովի տարրի, արժեքի պահպանությունը՛՛,-հայտի ընդունման առավելությունների մասին նշեց Սամուելյանը: Արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը նկատեց, որ մեր հարևան երկրները փորձեր են անում մշակույթը քաղաքականացնել:
՛՛Թուրքիայի կողմից կար որոշակի խանդ Սասուն անվան վերաբերյալ, բայց մեր պատվիրակության և ներկայացուցչական ջանքերով հնարավոր եղավ հեռացնել հարևաններին, ու հարթել, ներդնել հայտը, մենք հստակ ձևակերպեցինք, որ երբ ստեղծվել է Սասունցի Դավիթը, նույնիսկ Օսմանյան կայսրությունն էլ չի եղել՛՛: Բացի այդ, ըստ փոխնարարի, սա հնարավորություն է տալիս էպոսը տարբեր լեզուներով թարգմանել և ներկայացնել ամբողջ աշխարհին սեփական մշակույթի գանձերը:
Նշենք նաև, որ հաջորդ տարի այս նստաշրջանն անցկացվելու է Բաքվում: Կաժոյանի խոսքով՝ իրենց պատվիրակությունը դեռևս չի որոշել, թե արդյոք կմասնակցի այս նստաշրջանին: ՛՛Եթե մեր անվտանգությունն ապահովեն, կմտածենք, մեկնենք, թե ոչ՛՛,-եզրափակեց նա: