Մատաղիսի գործով դատավճիռը`դեկտեմբերի 18-ին
2012 թ. դեկտեմբերի 14-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Մատաղիսի հայտնի գործի դատաքննությունը:
Ինչպես նախորդ դատական նիստին, այս անգամ ևս մինչև նիստի սկսվելը ամբաստանյալների հարազատները, սպանված Հովսեփ Մկրտումյանի մայրը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները դատարանի շենքի առջև բողոքի ակցիա անցկացրեցին՝ պահանջելով արդարություն: Ակցիային մասնակցում էր նաև ամբաստանյալների նախկին փաստաբան, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Դատական նիստի ընթացքում պաշտոնական ճառով հանդես եկավ Հովսեփ Մկրտումյանի իրավահաջորդ Մովսես Մկրտումյանը: Դատարանում նա հայտարարեց, որ բոլոր ապացույցները փաստում են, որ Մատաղիսում երկու տղաների սպանությունը տեղի է ունեցել տարբեր ժամանակամիջոցներում և բոլորովին այլ վայրում, ինչը նշանակում է, որ մեղավորները ոչ թե գործով ամբաստանյալներն են, այլ անձինք, ովքեր այսօր ազատության մեջ են:
«Իմ երեխուն սպանել են Իվան Գրիգորյանը, Մայիլյանը՝ Ղևոնդ Եգոյանի, Սամվել Պողոսյանի, Երվանդ Պետրոսյանի, Վահե Հովհաննիսյանի մասնակցությամբ, ովքեր սկզբում չորս ամիս մեղադրվել են սպանության մեջ, իսկ հետո կեղծ ձևակերպումով դասավորել են այս երեխեքի վրա: Դատարանից խնդրում եմ, պահանջում եմ, որ այս անգամ արդարությունը վերականգնվի, որ այլևս զինվորներ չզոհվեն»,-այսպես ավարտեց իր ճառը Մովսես Մկրտումյանը:
Այնուհետ պաշտպանական ճառով հանդես եկավ Մուսա Սերոբյանի, Ռազմիկ Սարգսյանի եւ Արայիկ Զալյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Փաստաբանը մինչ գրավոր ճառին անդրադառնալը դատարանին խնդրեց դատական ակտը կայացնելիս հաշվի առնել նաև այն պաշտպանական ճառերը, միջնորդությունները, որոնք ներկայացվել են ամբաստանյալների նախկին պաշտպանների կողմից և այն ամենը ինչ այսօր ներկայացվեց տուժողի իրավահաջորդի կողմից:
«Այս ճառը պատրաստել եմ Ռոման Եղիազարյանի իրավահաջորդի համար, ով դեռ կասկածներ ունի, որ այս երիտասարդներն են սպանել Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին: Կարծում եմ, որ դատաքննությանը ներկա լինելու դեպքում Ռոման Եղիազարյանի հարազատների եզրահանգումները չէին տարբերվի Հովսեփ Մկրտումյանի ծնողների եզրահանգումներից»,-նշեց Հայկ Ալումյանը:
Ճառի ընթացքում Հայկ Ալումյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստական հանգամանքներին, որոնք անտեսվել են մեղադրողների կողմից, որոնք ողջ մեղադրական ճառը հիմնել էին Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքի վրա՝ անտեսելով առկա բոլոր հակասությունները:
Այնուհետև ճառի և վերջին խոսքի հնարավորություն տրվեց նաև ամբաստանյալներին, որոնք կրկին հայտարարեցին, որ անմեղ են և դատարանից խնդրեցին միայն արդարություն և արդար դատավճիռ:
Դատարանը հեռացավ դատավճիռ կայացնելու, որը կհրապարակվի 2012 թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ին:
Henaran.am-ին տեղեկացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: