«Անհրաժեշտ է շարունակել թմրարտադրության հակազդումը»
Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի տասնյոթերորդ նիստը, որը նախագահում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և Համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:
Մասնակցում էին Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ՆԳ նախարարությունների, Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր թմրամիջոցների վերահսկողության պետական ծառայության, Տաջիկստանի Հանրապետության Նախագահին առընթեր թմրամիջոցների վերահսկողության գործակալության, Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչները:
Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և կարևորելով համագործակցության նշանակությունը թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման գործում՝ մասնավորապես նշեց. «Ցանկանում եմ առանձնակի ընդգծել թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի դերը, որը հսկայական նշանակություն ունի հակաթմրամիջոցային պայքարի համաձայնեցված ռազմավարության և համատեղ միջոցների մշակման ու իրականացման գործում:
Հաշվի առնելով կուտակված փորձը՝ անհրաժեշտ է շարունակել թմրարտադրության հակազդմանը, թմրամիջոցների տեղաշարժի ուղիների հայտնաբերմանն ու կասեցմանը ուղղված համատեղ հակաթմրամիջոցային միջոցառումների իրականացման պրակտիկան:
ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի ջանքերով ձևավորվել է բազմակողմ հիմքի վրա միջազգային համագործակցության մեխանիզմ, ձեռք է բերվել փոխըմբռնում պետությունների իրավասու մարմինների և դրանց շահագրգիռ գերատեսչությունների միջև:
Համոզված եմ, որ այսօրվա նիստը զգալի ներդրում կունենա թմրահանցավորության դեմ պայքարի ընդհանուր գործում, ինչպես և նոր լիցք կհաղորդի ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավապահ մարմինների համագործակցությանը»:
Այնուհետև ելույթ ունեցավ ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը:
Նիստի օրակարգում ներառված էին թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման և համակարգող խորհրդի գործառութային ոլորտի մի շարք խնդիրներ: