Շատ ԲՀԿ-ականներ հոգով-սրտով կաջակցեն ՀՀԿ-ի թեկնածուին
”Մյուս կուսակցությունների դիրքորոշումներին մենք առաջնահերթություն չենք տալիս, համենայն դեպս իրենց ներքին որոշումն է, և յուրաքանչյուր քաղաքական ուժի որոշում հարգանքի արժանի է”,-այսօր կառավարության նիստից հետո ԲՀԿ նախագահի չառաջադրման որոշման մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Հարցին, թե ՀՀԿ-ը չի տխրել ԲՀԿ-ի` ոչ մեկին չսատարելու որոշումից, Աշոտյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն անկախության տարիներին ստեղծված ու գրանցված առաջին քաղաքական միավորումներից է և իր պատմության ընթացքում ականատես է եղել Հայաստանի նորագույն պատմության բոլոր էջերին ու ապրել է բազմաթիվ էմոցիաներ: ”ՀՀԿ-ին դժվար է այսօր ուրախացնել կամ տխրեցնել, ՀՀԿ-ն այսօր խիստ պրոֆեսիոնալ, զուսպ ու ռացիոնալ քաղաքական ուժ է, որ էմոցիաներով առաջնորդվի”,-հավելեց նախարարը: Վերջինս նշեց նաև, որ կատարյալ միամտություն է կարծել, թե 2018-ին ՀՀԿ-ն նախագահի սեփական թեկնածու չի ունենա:
Արդյո՞ք նման կերպ ԲՀԿ-ը բոյկոտում է ընտրությունները հարցին, Աշոտյանը պատասխանեց. ”Ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ը բոյկոտում է ընտրությունները, կարծում եմ` երկրի խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժը չի կարող այնուահանդերձ բոյկոտել ընտրությունները: Չկա կուսակցական որոշում, բայց ես վստահ եմ, որ շատ ու շատ ԲՀԿ-ականներ տեղերում, եթե ոչ ակտիվ, ապա հոգով-սրտով կաջակցեն ”Հանրապետական” կուսակցության թեկնածուին”: ԲՀԿ-ի ոչ ոքիի չսատարելու որոշումը, Աշոտյանի համոզմամբ, հնարավորություն է տալիս նրա առանձին անդամներին սեփական որոշում կայացնել:
Ինչ վերաբերում է այն քաղաքական ուժերին, որոնք ԲՀԿ-ի հետ ինչ-ինչ հույսեր էին կապում, ապա, ըստ Աշոտյանի, այս որոշումը նոր մարտահրավեր է հենց նրանց համար: ”Այն քաղաքական ուժերի համար, որոնք ԲՀԿ-ի հետ համագործակցում էին միասնական շտաբի շրջանակներում դեռևս խորհրդարանական ընտրությունների ժամանակ և այս ընթացքում ևս հույս էին փափագում, որ կարող են կպնել ԲՀԿ-ի շոգեքարշին` որպես այդ շարքում ամենալուրջ քաղաքական ուժի և իրենց զրոյացող քաղաքական վարկանիշը վերակենդանացնել Գագիկ Ծառուկյանի անձի և վարկանիշի շնորհիվ, ակնհայտ է, որ այդ պլանները ձախողվեցին, հատկապես ՀԱԿ-ի պարագայում”,-ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը:
Իսկ ՀՀԿ-ն, Աշոտյանի հավաստմամբ, պատրաստվում է նախագահական ընտրություններին և նախքան այդ` դեկտեմբերի 15-ին կայանալիք կուսակցության արտահերթ համագումարին: Աշոտյանը նշեց, որ համագումարին մասնակցության հրավերներ են ուղարկվել ԵԺԿ-ի, ”Единая Россия”-ի և Չինաստանի ժողովրդական կուսակցության պատվիրակություններին: Համագումարին լինելու է ԵԺԿ նախագահի տեսաուղերձը, ինչպես նաև ակնկալվում է, որ մյուս երկու կուսակցությունների ղեկավարների մակարդակով ևս ուղերձներ կլինեն: