ԲՀԿ-ի այսօրվա ”դասն” ու ՀԱԿ-ի մոլորությունը
Նախախնամություն է, թե ոչ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ՛՛հաջորդ դաս՛՛-ն այսօր էր՝ 12.12.12.-ին: Գագիկ Ծառուկյանը վերջապես, երկարատեւ լռությունից հետո հայտարարեց իր որոշման մասին կուսակիցներին` չի առաջադրվում 2013թ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում:
Կուսակցությունը առանց անդրադառնալու որոշման հանգամանքներին ու պատճառներին, մի քանի տողանոց հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ԲՀԿ քաղխորհուրդն ու խմբակցությունը համատեղ նիստով, Ծառուկյանի հայտարարության հիման վրա որոշում կայացրին՝ գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի առաջադրելու սեփական թեկնածու եւ չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին:
Ինչու ԲՀԿ-ն նման որոշում կայացրեց՝ ներքի՞ն, թե՞ արտաքին ազդակների ճնշմամբ կամ ազդեցությամբ, չանդրադառնանք: Դա ժամանակը ցույց կտա եւ ըստ էության, էական էլ չէ: Ավելի կարեւոր է այն, որ ստեղծված իրավիճակում, ընդդիմության աստառ հագած ՛՛այլընտրանքին՛՛-ին ավելի բարդ պայքար է սպասվում, քան կարող էր լինել մասնակցությունը նախագահական մրցապայքարում: Խոսքն իհարկե, սեփական դիմագիծը փրկելու ճիգերի մասին է: Իսկ ոչ վաղ անցյալի պատմությունը ցույց է տվել` դրանք հաջողությա՞մբ են պսակվում, թե՞ ոչ:
ԲՀԿ-ից բացի, բարդագույն վիճակում է հայտնվել նաեւ ՀԱԿ-ը, որը վերջին շրջանում դադարել էր իրեն միակ եւ անփոխարինելի ընդդիմությունը համարել, որովհետեւ կար ՛՛ավազակապետության դեմ պայքարող՛՛ փրկօղակ-գործընկերը՝ ԲՀԿ-ն: ՀԱԿ-ը, առկա իրողությունների պայմաններում, պետք է խոստովանի, որ ”գործընկերը” մեղմ ասած, իրեն ՛՛քաշեց՛՛ կամ, որ ի սկզբանե Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը, մեղմ ասած՝ անհեռանկար էր: