Լրագրողը պատասխանատվության կկանչի գործարարին
՛՛Ժողովուրդ՛՛ օրաթերթի լրագրող Ս. Գրիգորյանը չի բացառում ՛՛X գրուպ՛՛-ի նախագահ, ՛՛Ջրաշխարհ՛՛-ի սեփականատեր, ՛՛Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա՛՛-ի ղեկավար, ՛՛Վալենսիա՛՛ ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանին դատական կարգով պատասխանատվության կանչելու հնարավորությունը՝ իրեն վիրավորելու համար:
Մասնավորապես, լրագրողը փորձել է Խաչիկ Խաչատրյանից ճշտել նախօրեին թերթում հրապարակված տեղեկությունը, ըստ որի` ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը ստուգումներ է իրականացրել գործարարին պատկանող ընկերությունում, քանի որ ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում:
Թերթի տեղեկություններով` մոտ 2 շաբաթ առաջ Խաչատրյանը իր սև ՛՛Ռենջ ռովեր՛՛ մակնիշի մեքենայով գնացել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպելու ու հենց շենքի մոտ մեծ աղմուկ է բարձրացրել, գոռգռացել: Մասնավորապես այս տեղեկության վերաբերյալ լրագրողի հարցին Խաչիկ Խաչատրյանն արձագանքել է. ՛՛Մոտ էրկու ամիս առաջ ես իմ ՛՛Ռենջ ռովեր՛՛-ով որսի եմ գնացել Ղարաբաղ… հաաա՜, Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպելո՞ւ, ազիզ ջան, էդ հարցաքննում ես ինձի՞, հարց ես տալի՞… Իհարկե տենց բան չի եղել, վաղն էլ էդ ես գրելո՞ւ: Դե գրի՛, ազիզ ջան, գրի՜, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց: Ազիզ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես՛՛:
՛՛Ժողովուրդ՛՛ -ն այժմ խորհրդակցում է իր փաստաբանի հետ՝ հստակեցնելու իրավական հիմքերը: ՛՛Միանշանակ կարող եմ ասել, որ մենք ամեն ինչ անելու ենք մեր իրավունքները պաշտպանելու համար: Մենք դատարան կդիմենք, որպեսզի նման մարդիկ չկարողանան շարունակել իրենց գործողությունները եւ լրագրողին վիրավորանք հասցնել այն դեպքում, երբ լրագրողը, պահպանելով էթիկայի բոլոր կանոնները, ընդամենը փորձում է ճշտել տեղեկատվությունը: Մենք ունենք ձայնագրություն, որտեղ երեւում է որ Խաչիկ Խաչատրյանն իսկապես իրեն ոչ կոռեկտ է պահել եւ մեր հարցից անմիջապես հետո մեզ վիրավորել է՛՛,-Henaran.am –ին ասաց Ս. Գրիգորյանը:
Լրագրողի խոսքով, գործարարն առնվազն պետք է թերթից ներողություն խնդրի: