Հնդիկ գործընկերների հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
«Զարգացող առողջապահություն-Հնդկաստան 2015» նախաձեռնության շրջանակում Նյու Դելիում աշխատանքներն է շարունակում «Հնդկաստանից բժշկական ծառայությունների արտահանման խթանում» խորագրով միջազգային համագումարը: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:
Հնդկաստանի և օտար երկրների պատվիրակների, բժիշկների և փորձագետների հետ կազմակերպվում են հանդիպումներ: Տեղի բժշկական կենտրոնները ներկայացնում են իրենց հնարավորությունները, ենթակառուցվածքները և աշխատանքային գործընթացը:
Միջոցառման ժամանակ Հայաստանի պատվիրակության անդամները, նպատակ ունենալով խթանելու առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելու դաշտում փոխգործակցությունը, հանդիպումներ ունեցան առաջատար մի շարք բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ, ծանոթացան առաջարկներին, ոլորտի նորարարություններին:
Հիվանդանոցներ այցերի ընթացքում պատվիրակությունը հնարավորություն ունեցավ գնահատելու Հնդկաստանի բժշկական ծառայությունների բարձր մակարդակը, նորագույն սարքավորումներով հագեցվածությունը:
Մասնագիտական հանդիպումներ եղան նաև բժշկական անձնակազմերի հետ: Անհրաժեշտ է ընդգծել, որ չնայած ժամանակակից տեխնիկական հագեցվածությանը և բուժանձնակազմի բարձր պատրաստվածությանը, հնդկական կողմն առաջարկում է զգալիորեն մատչելի բժշկական ծառայություններ:
Գնահատելով առկա ռեսուրսները և ներկայումս առողջապահության ոլորտում Հնդկաստանի ներդրումները` մասնակից երկրների պատվիրակները նշեցին, որ Հնդկաստանը մեծ պոտենցիալ ունի առաջիկայում դառնալու բժշկական տուրիզմի համար գրավիչ երկիր:
Հայաստանի պատվիրակության անդամները հնդիկ գործընկերների հետ քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հնարավորությունները և ուղիները` ինչպես բժշկական տուրիզմի, այնպես էլ շարունակական բժշկական զարգացման ասպարեզում:
Նշենք, որ համագումարն ուղեկցվում է ցուցահանդեսով, որտեղ ներկայացված են Հնդկաստանում գործող հիվանդանոցները` ըստ ծառայությունների, բուժքույրական գործը, բժշկական սարքավորումները, դեղարտադրությունը: