Էրդողանի որդին միլիոններով հանդերձ փախել է Իտալիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին` Բիլալ Էրդողանը ընտանիքով Թուրքիայից հեռացել է Իտալիա:
Նա միլիարդավոր դոլարներով ու զինված պահակախմբով հեռացել է Թուրքիայից: Այդ մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է Թուրքիայի ներքաղաքական կյանքի սկանդալային բացահայտումներով հայտնի գաղտնի օգտատեր Ֆուաթ Ավնին: Վերջինի պնդմամբ՝ Վիլալ Էրդողանը երկար ժամանակով է մեկնել և այնտեղից կկառավարի միլիարդավոր դոլարները: Ֆուաթ Ավնին նաև նշում է, որ Էրդողանի որդու փախուստը կապված է առաջիկայում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում Էրդողանի հավանական պարտության մտավախության հետ, իսկ ընտրություններից հետո կորոշվի՝ Բիլալը կվերադառնա՞ հայրենիք, թե՞ ոչ: Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցացվելու են նոյեմբերի 1-ին:
Թուրքական «Ջումհուրիեթ» թերթի ձեռք բերած տեղեկություններով էլ` Բիլալ Էրդողանը Իտալիա է մեկնել John Hopkins համլասարանի Բոլոնիայի կենտրոնում ավելի վաղ տարիներին սառեցրած դոկտորական աշխատանքը շարունակելու համար:
Թերթին այդ մասին հայտնած աղբյուրների համաձայն` Բիլալ Էրդողանի Իտալիա հեռանալը կապվում է հունիսյան խորհրդարանական ընտրություններում Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կրած պարտության հետ, ինչի արդյունքում ԱԶԿ-ին չի հաջողվել եւս 4 տարով պահպանել միակուսակցական համակարգը, իսկ սա նշանակում է, որ վտանգվել է նաեւ նրա հոր` Թայիփ Էրդողանի` Թուրքիան նախագահական համակարգով երկրի վերածելու ջանքերը: Բիլալ Էրդողանին եւ նրա ընտանիքին Իտալիայում մեծ թվով թիկնապահներ են հսկում:
Թերթին հայտնի է դարձել, որ Իտալիայում Բիլալ Էրդողանի Բոլոնիայում գրանցման հասցեն Via Luzzo-ում է, սակայն, իրականում նա բնակվում է Բոլոնիայից գնացքով կես ժամ հեռավորության վրա գտնվող Մոդենա քաղաքի Campogalliano թաղամասում: