Ռուսաստանը շատ լուրջ սխալ է գործում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիա մեկնելուց առաջ Աթաթուրքի օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին:
Վերջինս անդրադարձել է նաև վերջին օրերին Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող քայլերին` ասելով, որ Ռուսաստանը այդպիսով շատ լուրջ սխալ է գործում, գրում է Ermenihaber.am-ը:
Էրդողանը, նշելով, որ Ռուսաստանի գործողությունները Սիրիայում Թուրքիայի կողմից որևէ կերպ ընդունելի չեն, ասել է. «Ես Պուտինին դրա մասին ասել եմ, թե Մոսկվա կատարածս այցի ժամանակ, թե օրեր առաջ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Ցավոք, Ռուսաստանը այս պահին շատ լուրջ սխալ է գործում: Ըստ իս՝ դա ժամանակի ընթացքում տարածաշրջանում Ռուսաստանին կտանի դեպի մեկուսացում: Թուրքիային հակառակ կատարվող նմանատիպ քայլերը մեզ լուրջ մտահոգություն ու անհանգստություն է պատճառում: Այդ մենք ենք, որ Սիրիայի հետ 911 կմ սահման ունենք»,- նկատել է Էրդողանը:
Էրդողանի խոսքերով՝ Ռուսաստանն այդ քայլին գնում է, քանի որ Սիրիայի ռեժիմն է այդպես խնդրել: Սակայն, ըստ Էրդողանի, ամեն ռեժիմի նմանատիպ խնդրանքը չէ, որ կատարվում է,այլ ընդհառաջվում է միայն այն ժամանակ, երբ ընդառաջողը դա քաղաքականապես նպատակահարմար է գտնում:
«Ռուսաստանն այդ քայլերն անում է Իրանի ու Իրաքի, ինչպես նաև Սիրիայի հետ համագործակցության պայմաններում: Մենք էլ, բնականաբար, մեր դատողություններն ենք անում և սպասվելիք հետագա գործընթացներում այլ կերպ կգնահատենք մեր առաջնահերթությունները»,- ասել է Էրդողանը: