Կբացվի Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանը. Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունը խոստումներ է տալիս
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ – HDP) նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ հրապարակել է իր նախընտրական ծրագիրը, որում տեղ են գտել նաև Հայաստանի հետ կապված ուշագրավ խոստումներ, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «Hürriyet» պարբերականի ինտերնետային կայքի համաձայն՝ ԺԴԿ-ի նախընտրական ծրագրում՝ այլ խնդիրների կողքին անդրադարձ է կատարվել մասնավորապես հետևյալ թեմաներին.
ԺԴԿ-ն խոստացել է, որ առանց նախապայմանների կբացվի Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանը, կդադարեցվի Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական շրջափակումը: Ընդդիմադիր կուսակցությունը խոստացել է նաև «նպաստել Ղարաբաղի հարցում ժողովրդավարական լուծման հասնելու ջանքերին»:
ԺԴԿ-ն իր նախընտրական ծրագրում նախատեսել է նաև պետական մակարդակով ներողություն խնդրել պատմության ընթացքում տարբեր ժողովուրդների հանդեպ իրագործված ցեղասպանությունների և կոտորածների համար:
«Մենք ջանք կթափենք հավասար, ազատ և ժողովրդավարական հեռանկարներ ձևավորելու համար՝ ընդդեմ ռասիստական, շովինիստական և ազգայնամոլական քաղաքականության, որը մի ազգին վեր է դասում մյուսից»:
Նախընտրական ծրագրում քրդամետ կուսակցությունը նաև խոստացել է, որ Թուրքիայի ազգային փոքրամասնություններին կտրվի մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորություն:
«Կրթության բոլոր մակարդակներում որպես պետական լեզու ուսուցանվող թուրքերենի կողքին յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն կտրվի նաև կրթություն ստանալու իր մայրենի լեզվով»,- ասված է ԺԴԿ-ի նախընտրական ծրագրում:
Անդրադառնալով Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի ներդրման հեռանկարներին՝ ԺԴԿ-ն իր ծրագրում վճռականություն է հայտնել՝ կանխարգելել այդ նախաձեռնության իրագործումը:
«ԺԴԿ-ն թույլ չի տալու, որ նախագահական համակարգը, որին մեր կուսակցությունը բացահայտորեն դեմ է, վերածվի սահմանադրական փոփոխությունների հիմնական նախապայմանի: ԺԴԿ-ն թույլ չի տալու, որ նախագահական համակարգը հաստատվի»:
Աղբյուր` Ermenihaber.am