Մարտի մեկի գործով նոր հանձնաժողովը կստեղծվի նախագահական ընտրություններից հետո
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր` դեկտեմբերի 3-ին շարունակեց 2008 թ.-ի մարտի 1-ին սպանությունների եւ վիրավորների գործերով զբաղվող նոր հանձնաժողովի ստեղծման մասին ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացրած նախագծի քննարկումը:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը նշեց, որ ՀՔԾ-ից ստացվել են իր ուղղած հարցերի պատասխանները, որոնք արդեն բաժանվել են հանձնաժողովի անդամներին:
Դավիթ Հարությունյանն առաջարկեց նախագծի հեղինակ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին մի քանի խմբագրական փոփոխություններ կատարել նախագծից, նախագծի հիմնավորումներից հանել քաղաքական ենթատեքստ ունեցող ձեւակերպումները, հանձնաժողովն ստեղծել բալանսավորված կազմով`բոլոր քաղաքական ուժերի հավասար ներգրավվածությամբ, եւ հարցը չկապել սպասվող նախագահական ընտրությունների հետ` հարցի քվեարկությունը հետաձգել մինչեւ մեկ տարով եւ անմիջապես նախագահական ընտրույթուններից հետո այն հանձնաժողովում քննարկման դնել: Այս դեպքում, ինչպես ասաց Դավիթ Հարությունյանը, ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կողմ կքվեարկեն նախագծին:
Այս դեպքում նախագծի հեղինակը մեկ տարվա ընթացքում ցանկացած պահի կարող է հարցը հանձնաժողովում քննարկման դնել:
Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ ներկայացված բոլոր առաջարկություններն ընդունելի են, բացի մեկ տարով հետաձգելուց: Նրա խոսքով, ստացվում է, որ հարցը օդում կախված է մնում եւ անորոշ ժամանակով հետաձգվում: “Եկեք մի կետ ավելացնենք, որ այս հանձնաժողովը իր աշխատանքները կսկսի տասներեքի մայիսին, ինչի ենք ուզում օդի մեջ պահել այս հարցը”,-նշեց ՀԱԿ պատգամավորը եւ հավելեց, թե անհայտ է, թե ինչ կլինի մայիսից հետո:
Դավիթ Հարությունյանը հավաստիացրեց, որ քաղաքական մեծամասնությունը կպաշտպանի նախագիծը` ընտրություններից հետո: Արդյունքում նախագծի հեղինակ Գագիկ Ջհանգիրյանը հայտնեց, որ համաձայն է եւ ընդունում է առաջարկույթունները եւ հուսով է, որ ընտրություններից հետո քաղաքական ուժերը կպահպանեն այս հարցում իրենց դիրքորոշումը:
Նիստի ավարտին հաջորդած ճեպազրույցում Գագիկ Ջհանգիրյանը լրագրողներին ասաց, որ ընդունեց առաջարկությունները, որպեսզի հանձնաժողովի ստեղծման նախագիծը չտապալվի: