18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վթար Շիրակում. փեսացուի եղբայրն է մահացել, հարսնացուն հիվանդանոցում է

Այսօր, Ժամը 10:00-ի սահմաններում Արթիկ-Մանթաշ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են “ՎԱԶ 21015” մակնիշի 23 ՍԼ 906 համարանիշի եւ “ՎԱԶ 2109”մակնիշի 14 ԼԼ 123 համարանիշի ավտոմեքենաները: 

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով “ՎԱԶ 2109”-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղեւորն ու “ՎԱԶ 21015”-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: 

Մահացածին եւ վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել ու ավտոմեքենաներից դուրս են բերել գյուղացիներն ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, նույն գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանը:

Այս պահին վթարի վայր է ժամանել նաեւ ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ- քննչական խումբը` Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական աշխատանքներ` պարզելու համար մահացածի, վիրավորների եւ վարորդների ինքնությունը:

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունը պարզել է մահացածի եւ վիրավորների տվյալները: 
Վթարի հետեւանքով մահացել է Արթիկ քաղաքի բնակիչ` 27-ամյա Արմեն Դարբինյանը, ով վարել է “ՎԱԶ 2109” մակնիշի ավտոմեքենան , իսկ վիրավորներն են` “ՎԱԶ 21015”-ի վարորդ, Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 42-ամյա Հովհաննես Գեւորգյանը եւ նրա ուղեւոր` նույն գյուղի բնակիչ 32-ամյա Լուսինե Ղամբարյանը: 

Վթարի վայրում հավաքվածները պատմել են, որ վթարի ենթարկված 2 ավտոմեքենաների վարորդներն ու ուղեւորն ազգականներ են, եւ պատրաստվում էին հարսանեկան արարողության: Ուղեւորուհի Լ. Ղամբարյանի հարսանիքն էր լինելու, իսկ մահացածը` փեսացուի եղբայրն է եղել:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ