Այսօր Վիսոցկին կդառնար 74 տարեկան /վիդեո/
Այսօր բանաստեղծ, երգիչ եւ դերասան Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է:
Ժամանակն ազդեցություն չունի Վիսոցկու արվեստի վրա: Դրա ապացույցն այն է, որ ամեն տարի հունվարի 25-ին նրա գործընկերները եւ տաղանդի երկրպագուները ողջ Ռուսաստանում նշում են այս օրն իբրեւ տոն: Այսօր լեգենդար արտիստը կդառնար 74 տարեկան:
Նրա ծննդյան առթիվ մի շարք միջոցառումներ են նախատեսված: Հունվարի 23-ին կայացել է նաեւ Վլադիմիր Վիսոցկու բարեգործական հիմնադրամի կողմից ամենամյա պարգեւատրումը, որը տեղի է ունենում սկսած 1997-ից:
Վիսոցկին ծնվել է 1938-ին Մոսկվայում: Նա խաղացել է Տագանկայի վրա գտնվող թատրոնում, կինոյում գրեթե 30 դեր է ունեցել, իսկ նրա երգերի թիվն անցնում է 700-ից:
Վիսոցկու սիրտը կանգ առավ 1980-ի հուլիսի 25-ին: Այդ ժամանակ Մոսկվայում ընթանում էր Օլիմպիադան: Այդ դժբախտ լուրը հայտնելու համար “Երեկոյան Մոսկվա”-ի խմբագիրն ազատվել է պաշտոնից: