ԱՄՆ-ի բնակիչներն իրենց “համար մեկ թշնամին” են համարում Իրանին
Ամերիկացիները կարծում են, որ իրենց ամենավտանգավոր թշնամին Իրանն է: Այդ արդյյունքն է գրանցել “Gallup” կազմակերպության անցկացրած հարցումը, հաղորդում է “Вести”-ն:
Հարցման համաձայն` մասնակիցների 32 տոկոսը Իրանին անվանել են “համար մեկ թշնամի”: Նույն կարծիքին են եղել նախորդ տարի ամերիկացիների 25 տոկոսը: Մասնագետների խոսքով` բացասական արձագանքների աճը վկայում է ԱՄՆ-ի բնակիչների խուճապի մասին` Թեհրանի միջուկային ամբիցիաների հետ կապված:
Գլխավոր թշնամիների հնգյակում են հայտնվել նաեւ Չինաստանը` 23 տոկոս, Հյուսիսային Կորեան` 10 տոկոս, Աֆղանստանը` 7 տոկոս եւ Իրաքը` 5 տոկոս: 6-րդ տեղն զբաղեցրել են Ռուսաստանը եւ Պակիստանը` 2-ական տոկոսներով: Պատասխանողների 1 տոկոսն էլ կարծում է, որ հենց Միացյալ Նահանգներն է ինքն իր թշնամին:
Նախորդ շաբաթվա վերջին “Gallup”-ը հրապարակել էր մեկ այլ հարցման արդյունքներ, որոնք ցույց են տալիս ամերիկացիների վերաբերմունքը 22 օտար երկրների եւ պաղեստինյան ինքնավար պետության հանդեպ: ԱՄՆ-ի բնակիչների բարեհաճ վերաբերմունքին են արժանացել Կանադան` 96 տոկոս, Ավստրալիան` 93 տոկոս, Մեծ Բրիտանիան` 90 տոկոս, Գերմանիան` 86 տոկոս, Ճապոնիան` 83 տոկոս: Ռուսաստանին լավ են վերաբերում հարցվողների 50 տոկոսը, 44 տոկոսը` չեն սիրում, իսկ 6 տոկոսը կարծիք չունի այդ հարցի շուրջ: