Թվայնացվել է հայ գրական ժառանգության դեռ 1-2 տոկոսը. գրադարաններն անցնում են թվայնացման
Հայաստանի 4 գրադարաններ` ԳԱԱ, ԵՊՀ, Ազգային եւ Բժշկական համալսարանի գրադարաններում մեկնարկել է գրականության թվայնացման գործընթացը: “Թվայնացումը իրականում բավական բարդ աշխատանք է, սակայն հասկանալով հարցի կարեւորությունը, գնացինք այդ քայլին”,-այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:
Նա նշեց, որ գործընթացը սկսվել է 2001թ-ից` էլեկտրոնային քարտարանի ներդրմամբ, մի քանի տարի անց, 2006թ անցան տեքստային նյութերի թվայնացմանը:
Սկզբնական շրջանում թվայնացման գործընթացը ֆինանսավորել է Բաց հասարակության ինստիտուտը, որից հետո ֆինանսական օգնությունն իր ձեռքը վերցրեց պետությունը` կարեւորելով թվայնացումը, որպես 21-րդ դարի պահանջ:
‘’Ազգային գրադարանը հայագիտական խոշոր պահոց է, եւ այստեղ պահվող եզակի նմուշները, հատկապես հայ պարբերական մամուլը, շատ ավելի կարիք ունի թվայնացման, քանի որ ոչ միայն թերթերի գույնն է տարեցտարի խունանում, այլ որակն է ընկնում, փշրվում’’,- ասաց Տիգրան Զարգարյանը` հավելելով, որ իր ղեկավարած գրադարանում շուրջ 5 միլիոն գրականություն պետք է թվայնացվի: Ավելի պատկերավոր ասած` թվայնացվել է Ազգային գրադարանի պահոցի դեռ 1-2 տոկոսը, իսկ թե երբ կավարտվի թվայանացումը, Ազգային գրադարանի տնօրենը դժվարանում է ասել, քանի որ դա ահռելի բարդ եւ ծավալուն աշխատանք է:
Բանախոսը նշեց նաեւ, որ առկա է թվայնացման բազմալեզու միջավայր, բարձր է հաճախությունների թիվը, կարդում են աշխարհի բոլոր ծայրերից, ստանում են շատ շնորհակալական նամակներ, այնպես որ, Տ.Զարգարյանը համաձայն չէ այն մտքին, որ հասարակությունը գիրք չի կարդում:
‘’Համացանցում անվճար դրված են գրքերը, այսինքն այն վերածվել է օն-լայն գրադարանի, կա ներբեռնելու հնարավորություն’’,- ասաց Ազգային գրադարանի տնօրենը` տեղեկացնելով, որ ընթերցասերները կարող են այցելել www.flib.sci.am, www.nla.am հասցեներով: