Էրդողանը քաղցկեղ ունի եւ նրան հաշված օրեր են մնում. WikiLeaks
Ամերիկյան “Stratfor” հետազոտական-վերլուծական կենտրոնի աշխատակիցների գրառումները, որոնք “Anonymous” հակերական խմբի ջանքերով հայտնի են դարձել “WikiLeaks”-ին, վկայում են այն մասին, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քաղցկեղ ունի եւ նրան հաշված օրեր են մնում, տեղեկացնում է “MIGnews”-ը:
Թուրքական “Taraf” անկախ թերթը` կրկին “WikiLeaks”-ին հղում անելով հայտնում է, որ 58-ամյա Էրդողանի վիճակն օր օրի վատանում է, նրան ամենաշատը 2 տարի է մնացել ապրելու:
Էրդողանի առողջական վատ վիճակի մասին լուրեր ԶԼՄ-ներում հայտնվել են նաեւ նախկինում, որոնց պատճառն են դարձել վարչապետի աղեստամոքսային տրակտի մի քանի վիրահատությունները: Առաջին վիրահատությունը նախորդ տարվա նոյեմբերին է եղել, իսկ 2-րդը` այս տարվա փետրվարի 11-ին: Առաջին վիրահատությունից հետո վարչապետը գրեթե մեկ ամիս չի հայտնվել հեռուստատեսությամբ:
Թուրքական պաշտոնական աղբյուրները հերքում են այն ինֆորմացիան, որ վարչապետը քաղցկեղ ունի: Սակայն “WikiLeaks”-ը հենվում է Էրդողանին վիրահատած բժշկի մոտ ընկերոջ հայտարարության վրա, ով վկայել է, որ վարչապետին 2 տարուց քիչ կյանք է մնացել: