27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հարսանիքների տաշի-տուշին ազգային պար չէ. Կարեն Գեւորգյան

Ապրիլի 29-ը ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ 1982թվականին ընդունվեց որպես պարի միջազգային օր` ֆրանսիացի հայտնի բալետմայստեր Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրը, իսկ Հայաստանում այն նշվում է 2005թվականից:

Հայաստանի ազգային պարարվեստի ու պարագետների միության նախագահ Կարեն Գեւորգյանն ասաց, որ  2012-ը  պարի միջազգային խորհուրդը նվիրել է պարի թերապիային:

“Ամբողջ աշխարհում միայն մեկ տոկոսն է զբաղվում պարի թերապիայով, եւ այս տարի պետք է կազմակերպվեն գիտաժողովներ ու մասնագիտական վերլուծություններ պարի թերապիան զարգացնելու եւ մասսայականացնելու համար”,- հայտարարեց Կարեն Գեւորգյանը եւ հիշեցրեց, որ մեզ մոտ նման մասնագիտություն դեռ չկա, սակայն ամբողջ աշխարհում ընդունված է պարի թերապիայի միջոցով բուժել հոգեբանական խնդիրներ ունեցող հիվանդներին:

ՀՀ պարարվեստի ու պարագետների միության նախագահը խոսեց նաեւ ոլորտում առկա խնդիրների մասին, ընդգծելով կարեւորագույնը` պարի մասին օրենքի բացակայությունը: “Ազգային պարը լուրջ խնդիրներ ունի, ինկուբատորի նման աճող “պարուսույցները” ներկայացնում են ազգային պար, սա արդեն մտահոգիչ է բոլորի համար”,- նշեց Գեւորգյանը:

“Հարսանիքների տաշի-տուշին ազգային պար չէ, պարը միայն կենցաղային չէ”,- շեշտեց պարարվեստի միության նախագահն ու հպարտորեն հավելեց. “Հպարտանալու տեղ ունի հայ ազգը նման ազգային պար ունենալու համար, քանի որ համեմատելով մյուս ազգերի պարերի հետ, օրինակ ֆրանսիացիների մոտ ազգային պարը հիմնված է 8 շարժումների վրա, վրացիները ոչ մի շուրջպար չունեն, իսկ մենք 2000-ի հասնող շուրջպար ունենք”:

Կարեն Գեւորգյանը ծնողներին հորդորեց իրենց երեխաներին պարի տանել 6 տարին լրանալուց հետո, քանզի այդ տարիքում է երեխայի ոսկրամկանային համակարգը լիարժեք ձեւավորվում:

Ի դեպ, ապրիլի 29-ի` պարի միջազգային օրվա կապակցությամբ Մշակույթի նախարարությունը կազմակերպել  է պարուսույցների վերապատրաստման դասընթացներ, որոնք անցկացվելու են մայիսի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում` Հայաստանի 10 մարզերի պարուսույցների համար:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ