26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱՊԿ 20 000-անոց զորախումբը զորավարժություններ կանցկացնի Հայաստանում

Այսօր տեղի է ունեցել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը, որի ընթացքում լրագրողներին  ներկայացվել է 2011թ. ԱԱԽ գործունեության ամփոփ պատկերը:

Իր խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ  2011թ. ընթացքում ներպետական ընթացակարգերով ձևավորվել են քսանից ավելի միջգերատեսչական աշխատանքային խմբեր, որոնք զբաղվել են մեր երկրի ռազմավարական զարգացմանն առչվող կարևորագույն փաստաթղթերի մշակմամբ:

Այդ փաստաթղթերից տասնմեկը` այդ թվում ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգը, ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ազգային ծրագիրը, ՀՀ քաղաքացիական պաշտպանության հայեցակարգը, Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային համակարգերի բարեփոխումների 2011-2013թթ. ծրագիրը արդեն իսկ հավանության են արժանացել ԱԱԽ նիստերում և վավերացվել են ՀՀ Նախագահի կողմից:

Երկրի տրանսպորտային անվտանգությանը, տարածքային զարգացմանը, էներգետիկ անվտանգության ապահովմանը և այլ ոլորտներին առնչվող ևս 9 փաստաթղթեր գտնվում են ավարտական փուլում:

“Չափազանց կարևորում եմ ևս մեկ փաստաթուղթ` մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը, որի ընդունումը և իրականացումը, կարծում ենք, էականորեն կբարելավի մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում”,-ասել է Արթուր Բաղդասարյանը:

Արթուր Բաղդասարյանը կարևորել է նաև ՀՀ ԱԱԽ-ի կողմից համակարգվող երեք միջազգային խոշոր կառույցների` ՀՀ-ՀԱՊԿ, ՀՀ-ԵՄ և ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը: 2011թ. արդյունավետորեն իրականացվել է 197 գործողություն ներառող ՀՀ-ԵՄ գործողությունների և միջոցառումների ծրագիրը:

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության 2011թ. ծրագիրը հաջողությամբ կենսագործվել է, և արդեն պատրաստ է 2012-2013թթ. ծրագիրը, որը վերաբերում է ՀՀ պաշտպանական համակարգի  հզորացմանը և արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցությանը: Այս համատեքստում Արթուր Բաղդասարյանը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության արդյունքում 2011թ. ընթացքում Հայաստանում ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծումը:

ՀԱՊԿ-ի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանն առաջին երկիրն է, որը լիարժեքորեն կատարել է իր վրա դրված պատականությունները և կազմակերպական, և օրենսդրական, և ինստիտուցիոնալ իմաստներով: ՀԱՊԿ շրջանակներում ստեղծվել է 20 000 հոգանոց զորախումբ, և այդ խմբի զորավարժությունները հաջորդ տարի անցկացվելու են Հայաստանում:

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է նաև ԱԱԽ աշխատակազմի կողմից տարբեր ոլորտներում` այդ թվում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում, ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում, ԱԻՆ փրկարար ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում իրականացված դիտարկումներին և ուսումնասիրություններին, որի արդյունքում կազմվում են ՀՀ Նախագահի հանձնարարականներ, սահմանվում են հստակ ժամկետներ` առկա բոլոր խնդրահարույց հարցերը կարճ ժամկետում լուծելու նպատակով:

ԱԱԽ քարտուղարի բնորոշմամբ անցնող տարին առանձնանում էր նաև միջազգային ասպարեզում արդյունավետ համագործակցության կարևորությամբ: Համագործակցության համաձայնագրեր են կնքվել Ռուսաստանի Դաշնության, Լեհաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության անվտանգության խորհուրդների հետ, ինչպես նաև ընթացքի մեջ է Հայաստանի Հանրապետության և Բելոռուսի Հանրապետության անվտանգության խորհուրդների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումը:

Որպես կարևոր ձեռքբերում և Եվրամիության և ՄԱԿ-ի հետ արդյունավետ համագործակցության լավագույն օրինակ ԱԱԽ քարտուղարն առանձնացրել է ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Գոգավան և Բավրա սահմանային անցակետերի վերակառուցման և արդիականացման ողջ փաթեթի մշակումը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության  հետ ստորագրված համաձայնագիրը, որի արդյունքում արդեն ընթացքի մեջ է ռազմական արդյունաբերության 7 համատեղ ձեռնարկությունների ստեղծումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ