26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սահմանագծում էլի կրակոցներ են. Հայացք

Ադրբեջանական կողմը երեկ դարձյալ կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի ուղղությամբ: Բերքաբերի գյուղապետ Սուրեն Խուդավերյանը “Հայացք”-ին տեղեկացրեց, որ թշնամին կրակահերթ է բացել գյուղի վերին թաղամասի վրա: Կրակոցների հետեւանքով, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Ընդհանրապես, ըստ գյուղապետի, գյուղի ուղղությամբ կրակոցներ պարբերաբար լինում են:

“Հարաբերական խաղաղություն է, չես կարող ասել, թե երկու ժամից հետո ինչ կլինի, երեք ժամից հետո ինչ կլինի”,- ասաց գյուղապետը: Նրա տեղեկացմամբ` գյուղի ուղղությամբ կրակոցներ են հնչել նաեւ ապրիլի 30-ին` ԵԱՀԿ դիտորդների կողմից սահմանի ուղղությամբ դիտորդական առաքելության անցկացման օրը: Կրակել են նախրապաններից մեկի ուղղությամբ: Բարեբախտաբար, վերջինս չի տուժել:

Գյուղի ուղղությամբ արձակված կրակոցների պատճառով տուժում են հողագործական աշխատանքները: “Մարդն իրա դաշտից կտրվում է, սահմանից 400-500 մետր հեռավորության վրա ո՞վ ռիսկ կանի դաշտում աշխատի: Շատ բարդ է վիճակը”,- ընդգծեց գյուղապետը:

Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում էլ ապրիլի 30-ի գիշերը կրակոցի հետեւանքով կոտրվել է գյուղացիներից մեկի պատուհանը: Այս տեղեկությունը “Հայացք”-ի  հետ զրույցում հաստատեց Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը:

Նրա խոսքով` վերջին երկու օրերին իրավիճակը հանգիստ է, կրակոցները դադարել են: Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին Ներքին Կարմիրաղբյուրի ուղղությամբ կրակոցներ գրեթե չէին եղել: Չնայած վախին մարդիկ շարունակում են գյուղատնտեսական աշխատանքները: “Սահմանին ապրող մարդիկ ենք, մեզ համար դա սովորական առօրյա կյանք է”,- ասաց գյուղապետը:

Դովեղ գյուղի ուղղությամբ վերջին օրերին կրակոցներ չեն եղել: Գյուղապետ Սամվել Գորգինյանի տեղեկացմամբ` գյուղի հողերի 70%-ը չի մշակվում, քանի որ սահմանին շատ մոտ են:

“Երեք օր է` կրակոցներ չկան, նորմալ է, մարդիկ դաշտերում աշխատում են: Բայց դե սահմանի գյուղ է, թուրքի պոստերից ընդամենը 300-400 մ հեռու, կարող է` հիմա էլ սկսեն կրակել”,- թերթի հետ զրույցում ասաց սահմանամերձ Մովսես գյուղի գյուղապետ Լյուդվիգ Ապրեյանը: Նրա տեղեկացմամբ` կրակոցներից գյուղում ոչ ոք չի տուժել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ