26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դրամի արժեզրկումից խուճապի մատնվել պետք չէ. տնտեսագետ

Վերջին շրջանում մտահոգությունների առիթ է դարձել դոլարի արժեւորման հետ կապված դրամի փոխարժեքի տատանումները, սակայն պետք չէ խուճապի մատնվել: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՛՛Այլընտրանք՛՛ վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նա չբացառեց  արտաքին ու ներքին ազդակների ազդեցությունը փոխարժեքի տատանումների վրա: Արտաքին ազդակների թվում է , ըստ Մանասերյանի, ԱՄՆ տնտեսության որոշակի աշխուժացումը, վերելքը՝ կապված  Օբամայի վարչակազմի իրականացրած տնտեսական փրկության ծրագրերի հետ:

՛՛Տնտեսական մրցակցությամբ պայմանավորված՝ թուլանում է եվրոյի դիրքերը՝ ֆինանսական ճգնաժամով պայմանավորված: Իսկ Հայաստանի տնտեսության վրա իր ազդեցությունն ունեցան քաղաքական գործընթացները եւ սեզոնային բնույթի ագրարային քաղաքականությունը՛՛,- նշեց Թաթուլ Մանասերյանը:

Նա լավատեսություն հայտնեց, որ թեեւ դրամի որոշակի արժեզրկում է նկատվում, սակայն դրա փոխարեն առաջին եռամսյակի տվյալներով՝ արտահանման տեմպերը առաջանցիկ արդյունքներ են գրանցել՝  32 տոկոս:

՛՛Հուլիսին կարող են գրանցվել դրամի արժեզրկմանը հակակշռող գործընթացներ: Եթե մեծ ցնցումներ չլինեն եւ եթե շարունակվի կայուն կուրս եւ արդյունավետություն , հնարավոր է որ տարվա վերջին ունենանք դոլար-դրամ փոխարժեքի հետ կապված առավել քիչ տատանումներ ու մտահոգություններ՛՛,- ընդգծեց բանախոսը:

Նրա կարծիքով, պետք չէ գերագնահատել  հանգստի նշանակությունը տնտեսության եւ փոխարժեքի տատանումների վրա, ինչ վերաբերում է արտահանման գործոնին,Մանասերյանը նշեց, որ դա, իհարկե, նպաստում է ազգային փոխարժեքի արժեզրկմանը, բայց այս գործոնն էլ պետք չէ գերագնահատել:

Տնտեսագետի համոզմամբ՝ երբ արժեզրկվում է ազգային դրամը, դա որոշակիորեն ազդում է գների վրա, որոշ ապրանքներ, օրինակ՝ ցեմենտը գնաճ է ունեցել, բայց շինանյութի որոշ տեսակների գինն իջել է, այսինքն, փորձագետի խոսքով,  դեռ կան  հակակշիռներ հայաստանյան տնտեսության մեջ, իսկ ընդհանուր առմամբ գների շեշտակի աճ չի գրանցվել, ինչը  մեկ անգամ եւս հավաստում է այն հանգամանքը, որ խուճապի մատնվելու հիմքեր չկան:

Խոսելով քաղաքական գործընթացների ազդեցության մասին, տնտեսագետը նշեց, որ տենդենցները, որոնք ընկած են արժեզրկման հիմքում, գերազանցապես արտաքին ազդակներով են պայմանավորված, դրանք սրվել են  անգամ մինչ ԱԺ ընտրությունները, այնպես որ ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելու հանգամանքը տնտեսագետը ուղղակիորեն չէր կապի դրամի արժեզրկման հետ:

՛՛Իհարկե նման լուրջ հայտարարություններ քաղաքական ուժի կողմից կարող է իր ազդեցությունն ունենալ ֆինանսական շուկայի վրա, սակայն դա կարճաժամկետ նշանակություն կունենա: Հակառակը, դա ստեղծում է լուրջ քաղաքական մրցակցային դաշտ, որն ինքնաբերաբար կառաջացնի նաեւ տնտեսական մրցակցություն, եւ եթե չլինեն ուժեղ ցնցումներ, ապա մրցակցությունը կառողջացնի տնտեսությունը՛՛,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ