27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչ է կատարվում դոլարի հետ. Ժամանակ

Ժամանակ-ը զրուցել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ. 

– Պարոն Մարգարյան, Հայաստանի արտաքին առևտուրը անշեղորեն անկում է գրանցում՝ առաջին եռամսյակի 28,5 տոկոսից հասնելով 33,2 տոկոսի: Ձեր կարծիքով՝ մինչև ե՞րբ նման բացասական զարգացումներ կգրանցվեն:

– Արտաքին առևտրաշրջանառության անկման խնդիրը ընդհանուր բացասական զարգացումներն են: Հայաստանն իր տնտեսական գործընթացներով կապված է արտաքին աշխարհի հետ` հատկապես, որ հիմնականում ներմուծող երկիր է: Դրսում, մասնավորապես Ռուսաստանում իրավիճակը վատացել է, այդ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների ռեժիմը շարունակվում, նավթի գները նվազել են: Այս և նման բազմաթիվ այլ գործոնները ազդում են Հայաստանի արտաքին առևտրի վրա:

– Իսկ ներքին ի՞նչ գործոններ են նպաստում արտաքին առևտրի կրճատմանը:

– Այդ բոլոր գործոնները փոխկապակցված են: Եթե հումքը ներկրվում է և այստեղ դառնում է պատրաստի արտադրանք, բնական է՝ ներքին գործոն էլ կա: Եթե ներքին արտադրությունը, ասենք` հանքարդյունաբերությունը կախված է համաշխարհային շուկայի գներից, որոնք ընկնում են, իհարկե, ներքին խնդիր էլ կա: Իսկ այս տարի գյուղատնտեսական ոլորտում առկա աճը բավականին տպավորիչ է: Իհարկե, ներքին խնդիրներ, ռիսկեր կան: Շրջափակումների, ռազմական մեծ ծախսերի հետ կապված երկարաժամկետ ռիսկերը շարունակվում են:

– Իսկ մեր տնտեսական համակարգը, ստվերային տնտեսությունը, մենաշնորհները չե՞ն խոչընդոտում արտաքին առևտրի զարգացմանը:

– Այդ գործոններն, իհարկե, կան, և բնական է՝ իրենց դերն ունեն: Բայց ես մենաշնորհային բառը չէի ասի, ես կասեի, որ Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ , և ներդրումների համար լուրջ ռիսկեր կան: Եվ այդ տեսակետից գրավիչ չէ: Արտաքին քաղաքական ռիսկերը, տարածաշրջանային ռիսկերը կասեցնում են ներդրումները:

– Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ նման անկումների պարագայում տնտեսական ակտիվություն կա:

– Տարօրինակ չէ, դրանք, ըստ էության, տարբեր բաներ են: Մակրոտնտեսական ինդիկատորները, պահանջարկը ձևավորող գործոններից մեկը տրանսֆերտներն են: Տրանսֆերտները արտադրողների համար մակրոտնտեսական պահանջարկ են ձևավորում, բայց գաղտնիք չէ, որ դրանք ավելի քան 50 տոկոսով կրճատվել են: Եվ բնական է, որ արտադրողները ներքին սպառման համար արտադրանքը կրճատում են: Նույնը վերաբերում է դրսի շուկաներին: Ռուբլու արժեզրկումը, բնականաբար, վատթարացնում է արտահանողների պայմանները: Բնականաբար, այդ գործոնները լուրջ ազդեցություն են թողնում: Եվ այդ թվերը ներքին քաղաքականության հետ կապելը, կարծում եմ, ճիշտ չէ:

– Տրանսֆերտների ու ներդրումների կտրուկ կրճատման պայմաններում նույնպե՞ս տարօրինակ չէ, որ ԱՎԾ-ն տնտեսական թեկուզ 2,7 տոկոս ակտիվություն է ցույց տալիս:

– Իհարկե, տարօրինակ չի թվում: Դա շատ մեծ ցուցանիշ չէ: Եթե դա լիներ 5-10 տոկոս, ինչպես Չինաստանում է, ես կհասկանայի: Այնուամենայնիվ, տարբեր ոլորտներում որոշակի աճ կա:

– Ձեր կարծիքով՝ այս տարվա համար միջազգային կառույցների՞, թե՞ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կանխատեսումներն են ավելի իրական: Հիշեցնենք, որ միջազգային կառույցները ՀՀ տնտեսության համար լավագույն դեպքում մեկ տոկոս աճ են կանխատեսում, մինչդեռ Հ. Աբրահամյանը վստահեցնում է, որ տարեվերջին կունենանք մի քանի տոկոս աճ:

– Ես իմ գնահատականը կտամ այդ երկու բևեռների մեջտեղը՝ աճը կարող է լինել 2-2,5 տոկոսի սահմաններում: Մեկ տոկոս աճի կանխատեսումը շատ է թերագնահատված, 3-3,5 տոկոսն էլ չափազանց լավատեսական է: Եթե տարեսկզբին որոշակի դրական ակնկալիքներ կային, թե ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը կթուլանա, արտաքին բացասական ազդակները կմեղմվեն, հիմա մենք տեսնում ենք, որ դա այնքան էլ այդպես չէ:

– Որոշ տեղեկությունների համաձայն՝ կառավարությունը 2015թ. ծախսերի կրճատում՝ թաքուն սեկվեստոր է իրականացնում:

– Սեկվեստոր չի կարող լինել այս պայմաններում: Եթե ետ նայենք, կտեսնենք, որ շատ ավելի դժվար բյուջետային իրավիճակներ են եղել, բայց կառավարությունը սեկվեստորի չի գնացել: Եղել են ծախսերի որոշ անուղղակի վերաբաշխումներ, բայց միշտ էլ նման խնդիրները լուծվել են արտաքին վարկերի, արտաքին ֆինանսավորման, ինչու չէ՝ նաև ներքին ֆինանսավորման՝ պետական պարտատոմսերի միջոցով: Ես կարծում եմ, որ սեկվեստորը բացառված է, նման ֆինանսական ճգնաժամ այսօր չկա:

– Դեկտեմբերից հետո սպասումներն այնպիսին էին, որ դոլարի փոխարժեքը կրկին կբարձրանա և 500 դրամի շեմը կանցնի, մինչդեռ հիմա ոչ միայն չի բարձրանում, այլ նաև իջնում է: Փոխարժեքի պարագայում սա օբյեկտի՞վ վիճակն է, թե՞ Կենտրոնական բանկը որոշակի միջամտություններ է անում:

– Տուրիստական և գյուղատնտեսական ապրանքների արտահանման այս սեզոնին սովորաբար դոլարը կայունանում է: Իսկ երկարաժամկետ կտրվածքով, թե դոլարը պետք է արժևորվի, իհարկե, ուր է, թե այնպես լիներ, որ դրամը ռուսական ռուբլուն համարժեք արժեզրկվեր: Այդ պարագայում մենք արտաքին առևտրի հատվածում այդպիսի վիճակ չէինք ունենա: Եվ ինչ-որ տեղ, այո, դրամն այսօր արժևորված է: Բայց ես ցնցումային սցենարների կողմնակից չեմ: Դա պետք է կատարել էվոլյուցիոն ճանապարհով, որպեսզի թե՛ արտադրողները, թե՛ բիզնեսը և թե՛ տնային տնտեսությունները լուրջ խնդիրներ չունենան: Որ կարողանան իրենց ծախսերն ու եկամուտները պլանավորել:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

 

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ