19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ֆրանսիական հայտնի հաղորդաշարն անդրադարձել է “Եվրատեսիլին”

Ֆրանսիական “CANAL+” հեռուստաալիքի հանրահայտ “Լո փթի ժուղնալ’ (Le Petit Journal) հաղորդաշարի մայիսի 28-ի թողարկումը գրեթե ամբողջությամբ “նվիրված է եղել” այս տարի Ադրբեջանում անցկացված “Եվրատեսիլին”:

Հաղորդաշարն անդրադարձ է կատարել ոչ այնքան “Եվրատեսիլի” արդյունքներին, ինչքան Ադրբեջանում տիրող քաղաքական իրավիճակին: Հաղորդման ընթացքում ցուցադրված տեսանյությում նշվում է, որ Ադրբեջանը
մամուլի ազատության աստիճանով աշխարհում զբաղեցնում է 179-րդ տեղը: Այն հայտնի է կոռուպցիայի եւ քաղաքական
բանտարկյալների մեծ քանակով: Այնուհետեւ խոսվում է “Եվրատեսիլի” կազմակերպչական հարցերի մասին:

Ըստ այդմ` “Եվրատեսիլին” ներկա է եղել Ադրբեջանի նախագահի դուստր Լեյլա Ալիեւան, “Եվրատեսիլի” ընթացքում կատարումներով հանդես եկած սիմֆոնիկ նվագախումբը հովանավորվել է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի կողմից, իսկ ելույթով հանդես է եկել Ադրբեջանի նախագահի փեսան (Էմին Աղալարովը)”: Խոսվում է այն մասին, որ ամեն երկրի ելույթից հետո փոքրիկ տեսանյութով ներկայացվել է Ադրբեջանը որպես “արվեստի երկիր”, “ավանդույթների երկիր”, “խոհանոցի երկիր”, “էներգետիկ երկիր”, “պատմական երկիր”, իսկ հաղորդման վարողն ավելացնում է` “ինչպես նաեւ ընդդիմադիր բանտարկյալների երկիր”:

“Եվրատեսիլը” մեկնաբանելու համար Բաքու մեկնած հաղորդաշարի լրագրողներն իրենց պատրաստած տեսանյութում ասում են, որ Բաքվում ամենուր զգացվում է “Եվրատեսիլի” շունչը` աջուձախ փակցված են համապատասխան պաստառները: Սակայն նորաոճ ավտոբուսների եւ հեծանիվների, տպավորիչ շինությունների եւ ժամանակակից շքեղ բուտիկների կողքին կարելի է տեսնել կիսաքանդ բնակելի շենքեր:

Հաղորդաշարի լրագրողները Բաքվի փողոցներում հարցումներ են իրականացնում` իմանալու համար մարդկանց կարծիքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերաբերյալ եւ ստանում են “տպավորիչ” պատասխաններ: Տեսախցիկի առաջ բոլոր հարցվածներն ամենալավ խոսքերով են արտահայտվում Ալիեւի վերաբերյալ` ասելով անգամ, որ այլ մարդու չեն էլ պատկերացնում նախագահի պաշտոնում: Հարցվածները նշում են նաեւ, որ չեն ճանաչում ընդդիմության որեւէ առաջնորդի:

Միեւնույն ժամանակ, լրագրողները հանդիպում են մարդկանց, ովքեր չեն ցանկանում խոսել տեսախցիկի առջեւ: Նրանցից մի երիտասարդ տեսախցիկից դուրս ասում է, որ չնայած երկրում կառուցվում են բազմաթիվ
շքեղ շինություններ, սակայն բնակչության մեծ մասի կյանքը դրանից չի փոխվում: Նրանք շարունակում են ապրել ծայրահեղ աղքատության պայմաններում: Երիտասարդը նշում է նաեւ, որ մարդու իրավունքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան երկրում: Նա ասում է, որ ունի շատ ընկերներ, ովքեր ձերբակալվել են ցույցերի ընթացքում, եւ որ ներկայումս բազմաթիվ լրագրողներ կան բանտերում: Նա ասում է, որ շատ մարդիկ ձերբակալվել են առանց պատճառի, ուղղակի նրա համար, որ նրանք ուզում էին ցույց տալ, որ ունեն իրավունքներ:

Այնուհետեւ հաղորդաշարի լրագրողները հարցում են կատարում “Եվրատեսիլի” մասնակիցներից, թե ինչ են նրանք մտածում Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ: Միակ մասնակիցը, որը պատասխանում է հարցին, Ֆրանսիայի ներկայացուցիչն է լինում, ով ասում է, որ ներկայումս ողջ Եվրոպան ուշադրությամբ հետեւում է “Եվրատեսիլին” եւ Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին, ինչը թույլ կտա Ադրբեջանին ավելի զգոն լինել եւ բարելավել իրավիճակը: Այնուհետեւ հաղորդման վարողը Ադրբեջանում տիրող իրավիճակը քննարկում է հաղորդմանը մասնակցող երեք հայտնի լրագրողների` Քրիստոֆ Բարբիեի, Ֆրանս Օլիվիե Ժիսբերի եւ Լորան Ժոֆրանի հետ, որոնք նշում են, որ Ադրբեջանում տիրող իրավիճակը` մարդու իրավունքների խախտումները, կոռուպցիան, նոր երեւույթներ չեն, եւ որ բոլորն են այդ մասին խոսում: Նրանցից Քրիստոֆ Բարբիեն, նշում է, որ սխալ կլիներ բոյկոտել “Եվրատեսիլը”, այլ Ֆրանսիան պետք է ավելի ակտիվորեն մասնակցի Եվրատեսիլին, քանի որ միայն դա կարող է ողջ Եվրոպայի ուշադրությունը կենտրոնացնել Ադրբեջանում առկա խնդիրների վրա: “Բաքվում անցկացվող մրցույթը ծիծաղելի էր շատ: Թեեւ մենք նավթ չունենք, սակայն ունենք ժողովրդավարություն”, – եզրափակում է Բարբիեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ