27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վատիկանի արխիվները լույս սփռեցին Հայոց Ցեղասպանության ողբերգության վրա

 Վատիկան , (CNA/EWTN News) – Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված Ֆրանցիսկոս պապի նախատեսած պատարագին ընդառաջ նորից թողարկվել են պատմական փաստաթղթեր, որոնք հաստատում են Սուրբ Աթոռի հավատարմությունը օգնելու հայ ժողովրդին այն ժամանակ, երբ  քչերն են դա արել, գրում է Interpress.am-ը` Catholic News Agency-ին հղումով:

Ճիզվիտների իտալական La Civiltà Cattolica ամսագիրը ընդգծել է, որ վերջերս լույս տեսած փաստաթղթերը «հաստատում են, որ Սուրբ Աթոռը միշտ տեղեկացված է եղել իրադարձություններին, պասիվ չի եղել և վճռականորեն աջակցել է Հայոց Ցեղասպանության հարցին: «Հռոմի պապ Բենեդիկտոս XV-րդը միակ ղեկավարն ու կրոնական առաջնորդն էր, որ բողոքի ձայն բարձրացրեց ընդդեմ «զանգվածային հանցագործության»:Հայոց Ցեղասպանության սկիզբը համարվում է 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Ստամբուլում տեղի ունեցան հայերի սպանությունները:

Դրան հաջորդող ութ տարիների ընթացքում 1,5 միլիոն մարդ սպանվեց, միլիոնավորներն էլ տեղահանվեցին: Սակայն ավելի վաղ էլ էր նման սպանություններ կատարվել, երբ տարածաշրջանի մեծ մասը դեռևս Օսմանյան տիրապետության տակ էր:  Օրինակ, 1896-ի մարտի 27-ին,  ֆրանցիսկյան հայր Դոմենիկո Վերսոնը, որը Հալեպում որպես միսիոներ էր ծառայում, իր նամակում պատմել է քրիստոնյաների կոտորածի մասին Մարասքում ու նրա շրջակայքում:

Վերջերս հրապարակված փաստաթղթերի մեծ մասը Արևելյան Եկեղեցիների հարցերով միաբանության արխիվից են: Նրանք հրատարակվել են ճիզվիտ քահանա Հայր Ջորջ-Հենրի Ռույսենի չորս գրքերի շարքում: Մինչև մարտի 21-ին մատենաշարի թողարկումը, La Civiltà Cattolica-ի  վերջին խմբագրականում հրապարակվում է ամփոփումը:

«Հայկական Հարցի» վերաբերյալ փաստաթղթերը թվագրվում են 19-րդ դարի վերջից մինչև  20-րդ դարի առաջին կեսը:

Փաստաթղթերի հավաքածուն ներառում է Հռոմի պապերի և Օսմանյան սուլթանների նամակները, Վատիկանի պետքարտուղարների և պրեֆեկտների կամ քարտուղարների փաստաթղթերն ու ճեպագրերը, առաքելական եկեղեցու պատվիրակների փաստաթղթերն ու զեկույցները, հայ պատրիարքների ու եպիսկոպոսների նամակները, տեղեկատվություն առաջին ձեռքից:

Կան նաև ականատեսների վկայություններ, որոնք հստակ նկարագրում են, թե ինչ է կատարվել:

Փաստաթղթերում նշվել է Հռոմի Պապ Բենեդիկտոս XV-ի գործողությունները. 1915-ի սեպտեմբերի 10-ին և  1918-ի մարտի 12-ին նա երկու անձնական նամակ է ուղարկել Սուլթան Մուհամեդ V Ռեշադին: Հայերին օգնելու Հովվապետի ջանքերը Սուրբ Աթոռի միջնորդական բազմաթիվ փորձերի գագաթնակետն էր: Հռոմի պապ Լեո XIII-ի միջնորդությունը սկսել է 1859 թվականին: Սուրբ Աթոռը ձգտում էր հասնել Ջեմալ փաշայի` Սիրիայում թուրքական բանակի հրամանատարի համաձայնությանը, 1917-ին մահվան դատապարտված 60 հայերին ազատ արձակելու հարցում:

Կարդինալ Պիետրո Գասպարին` Վատիկանի պետքարտուղարը, 1921 թվականին միջնորդել է, որպեսզի Մուսթաֆա Քեմալ փաշան երաշխավորի Թուրքիայի քրիստոնյաների կյանքի անվտանգությունը:

Սուրբ Աթոռը ոչ միայն դիվանագիտական աշխատանք էր վարում, այլև ձգտում էր օգնել վերապրած փախստականներին:

La Civiltà Cattolica-ն գրում է, որ Սուրբ Աթոռը «չդադարող ֆինանսական օգնություն ու աջակցություն է կազմակերպել այն ժամանակաշրջանում, երբ չկային այլ միջազգային մարդասիրական կազմակերպություններ, բացի Կարմիր խաչից ու Մերձավորարևելյան օգնությունից»:

Սուրբ Աթոռը հատկապես օգնում էր որբերին, հիմնադրում էր «շատ մանկատներ», որոնք  բաց էին կրոնական բոլոր դավանանքների մարդկանց համար: Երիտասարդ որբ հայ աղջիկները նույնպես ապաստանել են Հռոմի մերձակայքի Կաստել Գանդոլֆո առաքելական պալատի մանկատանը:

Փաստաթղթերն արձանագրել են պատճառները, թե ինչու պետությունները որևէ դիրքորոշում չեն ցուցաբերել Հայոց Ցեղասպանության հարցում և  չեն պաշտպանել հայ ժողովրդին, երբ տեսանելի էին ցեղասպանության առաջին նշանները: La Civiltà Cattolica-ն ընդգծել է, որ 19-րդ դարի վերջում հայերի ապագայի հարցը «քայլ առ քայլ մոռացվեց», որովհետև «աստիճանաբար պասիվացող եվրոպական դիվանագիտությունը» աշխատում էր «ամեն գնով պահպանել Օսմանյան կայսրության ամբողջականությունը»:

Արքեպիսկոպոս Ավգուստո Բոնետտին, որը առաքելական պատվիրակ էր Պոլսում 1887-1904-ականերին, ամփոփել է միջազգային իրավիճակը:

Ֆրանսիայի և Ռուսաստանի նպատակն էր պահպանել « Թուրքիայի ամբողջականությունը»: Ֆրանսիան խոշոր կապիտալ ներդրումներ էր կատարել տարածաշրջանում, իսկ Ռուսաստանը ցանկանում էր, որ թուրքական հարաբերությունները հանդարտ լինեին, որպեսզի կարողանար կենտրոնանալ Հեռավոր Արևելքի վրա:

Արքեպիսկոպոս Բոնետտիի կարծիքով, Գերմանիան շահագրգռված էր, որ շարունակվի պատերազմը հույների և թուրքերի միջև, իսկ Անգլիան էլ «կարևոր քաղաքական շահեր ուներ Թուրքիայում»: Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին այդ փաստաթղթերի հրապարակումը կարող է լույս սփռել այն պատճառների վրա, թե ինչու այս ցեղասպանությունը կատարվեց  ընդհանուր քաղաքական անտարբերության պայմաններում:

Ինչ վերաբերում է Հռոմի Ֆրանցիսկոս պապին, ապրիլի 24-ին Սուրբ Պետրոսի մայր եկեղեցում նա պատարագ է մատուցելու նվիրված ցեղասպանության հարյուրամյակին:

Աղբյուր` Interpress.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ