21 Փետրվարի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՄՐՈՑ – ԴԻՏԱԿԵՏ «ՍԱՐԻԿ» (ԿԱՐՄԻՐ ՔԱՐ)

castle

Հարավային Արցախի այս ուշագրավ դիտակետ-ամրոցը գտնվում է Հադրութի շրջանի Սիրիկ (Սարիկ) գյուղից արեւմուտք լեռան գլխին:

Տեղադրված է խիստ ռազմավարական վայրում, որտեղից անցնում էր Արաքս գետից Դիզափայտ լեռան արեւելակողմ կիրճով Արցախի խորքը տանող գլխավոր եւ հիմնական ճանապարհը:

Այստեղ` այս ամրոցի մոտակայքում են գտնվում նաեւ Մուլքուդարա (Կարմրաքար, Չարաբերդ), Բերդահոս, Դիզափայտ ամրոցները:

Կարծում ենք` այդ ամրոցների հետ էր կապված նաեւ ավելի հեռու` հարավ-արեւմտյան չերեւացող վայրում գտնվող Թոմասի բերդը, որտեղից (Արաքսի հովտում թշնամու հայտնվելու կամ հարձակումների դեպքում) ազդանշաններով ահազանգվում էր ներկայիս Դոլանլար (Արեւաշատ) գյուղի արեւելյան բարձունքում գտնվող Բերդաքար (Ղլեն քար) միջանկյալ ամրոց-դիտակետին, այնտեղից էլ հաղորդվում վերը նշված «Մուլքադարա» եւ մյուս ամրոցներին:

Այսպիսով, տեղում կատարված հետազոտությամբ ակներեւ է դառնում մասնավորապես տվյալ հատվածում ամրոցների միջեւ կապի, ազդանշանային համակարգի առկայությունը, որտեղ գլխավոր դերակատարություններից մեկը պատկանում էր առաջնային դիրքում գտնվող Թոմասի բերդին:

«Սարիկ» ամրոց-դիտակետը տեսադաշտում էր պահում համանուն հովիտը եւ անմիջականորեն կապված էր «Մուլքադարա» ամրոցի հետ:

Ամրոց-դիտակետը կամ միջնաբերդը տեղադրված է գրեթե արեւելք-արեւմուտք ձգվող փոքր լեռնաշղթայի կենտրոնական մասում, մի խորդուբորդ, անհարթ ու կտրտված վայրում եւ, դատելով տեղանքից ու ներքուստ տնատեղերի բացակայությունից, նկատելի է դառնում ամրոցի հատկապես «դիտակետային» Մուլքադարա նշանակությունը:

Լեռան ամրոցակալ հատվածն արտաքուստ ունի եռանկյունու տեսք:

Արեւմտակողմ պարսպապատը հարավ-արեւելք – հյուսիս-արեւմուտք ուղղությամբ ձգվում է մինչեւ 35 մ, իսկ արեւմտյան կողմում, որ ներկայումս ավերակված լինելով չի պահպանվում, մոտ 25 մ լայնությամբ:

Չեն պահպանվում նաեւ հարավային` լեռան եզրամասում եղած պատերը: Ամրոցի երկարությունը մինչեւ 95 մ է:

Այսպիսով, տարածքը ներքուստ, միջին չափերով հաշված, կազմում է մոտ 2000 քառ. մ:

Ամրոցում ուշագրավ են հատկապես պահպանվող շինությունները:

Վերը նշված պարսպապատը պահպանվում է մինչեւ 4-5 մ բարձրությամբ եւ 1,2 մ լայնությամբ:

Կառուցված է տեղական քարերով եւ կրաշաղախով:

Պարսպի երկու կողմերին տեղակայված են կլոր հատակագծով մեկական անկյունային աշտարակներ կամ կիսաշտարակներ, որտեղից դեպի արեւմուտք եւ հարավ – արեւմուտք (ձորահովտի եւ ամրոցի մատույցների հսկողությունն իրականացնելու նպատակով) բացվում են մեկական մոտ 0,5 x 0,25 մ չափերի անցքեր:

Պարսպից դուրս նկատելի են ինչ–որ շինության հետքեր (պահպանվում է կլոր հատակագծով փոսորակը):

Ամրոց-դիտակետի մուտքը արեւմտյան կողմից է:

Այն բացվում է պարսպի գրեթե կենտրոնից, ունի կիսակլոր վերնամաս, ներկայումս փակված է (ամրոցը Արցախյան պատերազմի ընթացքում գտնվելով թուրքերի հսկողության տակ, վեր էր ածվել պաշտպանական կետի` տեղահանվել են քարերը, փակվել է մուտքը):

«Սարիկ» ամրոցի ներքնամասում` հարավային ձորակով փոքրիկ գետակ է` աղբյուր, որից օգտվել են ամրոցի պաշտպանները:

Ամրոցի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ չկան:

KFC

Արխիվ

Փետրվարի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
26272829   
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ