27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Պատասխանը, վաղ թե ուշ, դուք եք տալու. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին

«2020 թվական նոյեմբեր, 44-օրյա պատերազմի ավարտ՝ ՀՀ իշխանությունը ազդարարում է, որ հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր առաքելությունից և քաղաքական առումով հարցն ուղարկում է Արցախում տեղակայված ռուսական առաքելության տիրույթ»: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ապա հավելեց. «2021 թվական մայիս, հայտարարվում է «խաղաղության դարաշրջանի» մասին, սակայն այն նոր ցավ ու տառապանք է բերում հայ ժողովրդին:

2022 թվականի ապրիլ, խորհրդարանում իշխող ուժի առաջնորդը հայտարարում է, որ պատրաստվում է Արցախի հարցով նշաձողն իջեցնել, իսկ զուգահեռ նրա որոշ թիմակիցներ սկսում են հայտարարել, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում:

2022 թվականի հոկտեմբեր, Պրահա, իշխող ուժի ղեկավարը բաց հայտարարում է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մտադրության մասին:

2022 թվականի դեկտեմբեր, Ադրբեջանը փակում է Հայաստանն Արցախին կապող միջանցքը, որով սկիզբ է դրվում Արցախի դեմ ագրեսիայի նախապատրաստմանը:

2023 թվականի ապրիլ, Ադրբեջանն օգտագործելով և որպես հիմք ներկայացնելով Հայաստանի իշխանության դիրքորոշումն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին, անցակետ է տեղակայում Հայաստանն Արցախին կապող միջանցքում:

2023 թվականի օգոստոս, Արցախում հումանիտար վիճակի խորացման և ծայրահեղ դրսևորումներ ստանալու ֆոնին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանրայնացնում է իր մտադրությունը՝ նախագահի պաշտոնից հրաժարական, իսկ ավելի կոնկրետ՝ փախուստի դիմելու մասին:

Շուրջ 2 շաբաթ Արցախում փորձում են նրան համոզել, որ ստեղծված իրավիճակում նրա քայլը չափազանց վտանգավոր է և դա պետք է թողնել հարաբերական կայուն ժամանակների, սակայն վերջինս պնդում է, որ իրավիճակը հարաբերական կայուն է և ենթադրաբար ցուցում ստանալով Նիկոլ Փաշինյանից, գնում է այդ քայլին:

Նոր նախագահի պաշտոնը ստանձնելուց մեկ շաբաթ հետո Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է ձեռնարկում Արցախի դեմ, որի պիկին ՀՀ իշխող ուժի առաջնորդն Ադրբեջանին հավաստիացնում է, որ Հայաստանը այս իրավիճակում չի ներքաշվի՝ բախտի ճակատագրին թողնելով արցախցիներին:

9-ամսա բլոկադայի ծանր պայմաններում, երբ նույնիսկ բանակի մատակարարումներն էին խափանվել, Ադրբեջանը պաշտպանության բանակը 10 անգամ գերազանցող ուժերով հարձակվում է և ծանր կորուստների գնով կոտրում դիմադրությունը՝ Ստեփանակերտի մատույցներում վերջնագիր ներկայացնելով Արցախի իշխանությանը:

Շրջափակված, ծանր կորուստներ և որևէ աջակցություն չունեցող Արցախն ընկնում է՝ ՌԴ-ն չի կանխում Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը, իսկ ՀՀ իշխանությունն իր հայտարարություններով, գործողություններով հավաստիացնում, որ Արցախի հարցին որևէ ձևով միջամտելու նպատակ չունի, որովհետև իր համար Արցախն Ադրբեջան է և վերջ:

Անկախ այն հանգամանքից, թե այս ամբիոնից ինչ ծանրության մեղադրանքներ կհնչեն, ով իր կաշին ու իշխանությունը փրկելու համար մեր ժողովրդի նկատմամբ էլ ինչ թշնամության կգնա, մեկ է՝ պատմությունն իրականությունն արձանագրեց, որի պատասխանը վաղ թե ուշ դուք եք տալու:

Դուք եք փակել Արցախի հաղթական էջը և ձեր քաղաքական մանյովրներն ու սարսափելի կեցվածքը ձեզ որևէ ձև չեն օգնելու»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ